Թանկ ուղեվարձի դեմ հանրային ընդվզում կա, բայց առաջվա պես աղմուկ չկա. Բաբկեն Պիպոյան
Իրավունք
17:54 23/04/2025
Հայաստան

Թանկ ուղեվարձի դեմ հանրային ընդվզում կա, բայց առաջվա պես աղմուկ չկա. Բաբկեն Պիպոյան

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիների բոյկոտը տարբեր ձևերով շարունակվում է։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա։ Մարդիկ լուռ են բոյկոտում։ Ամեն մեկը մի ձև գտել է վճարումը չկատարելու, ընդ որում մարդիկ ոչ թե խուսափում են վճարելուց, այլ լուռ իրենց անհնազանդությունն են հայտնում ադ գործընթացին»,-ասաց ՀԿ նախագահը։

Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող փորձագետը քաղաքացիների՝ լուռ պայքարի մի քանի պատճառ է մատնանշում, մարդիկ հոգնել են աղմկելուց, անիմաստ խոսակցությունների մեջ ընկնելուց,  քանի որ հասարակական աջակցման ֆոն ստեղծելու համար սեփական կադրերին իշխանությունը ներդրել էր տրանսպորտային միջոցներում, որպեսզի քարոզ կարդային չվճարողների գլխին։

«Ուսանողներն ինչ-որ հնարք են գտել, մի տոմսով միաժամանակ մի քանի հոգով երթևեկելու, մարդիկ կան քարտ ունեն, որ բացասական բալանս չի ստանում, մի խոսքով, տարբեր ձևերով բոյկոտ են անում, և սա են վկայում տարբեր փաթեթների վաճառքներից գոյացած մուտքերը»,-ասաց նա։

Panorama.am-ի գրավոր հարցմանն ի ատասխան քաղաքապետարանի տրամադրած տվյալների համաձայն, փետրվարի ընթացքում վաճառվել է երկարաժամկետ (30 օր, 90 օր, 365 օր ) 12.229 փաթեթ, ընդ որում դրանցից 312-ը 90-օրյա փաթեթներն են, 18-ը՝ 365 օրյա։ Մարտին գնված այս փաթեթների թիվը կտրուկ նվազել է՝ հասնելով 2 341-ի։ 90-օրյա 72 փաթեթ է վաճառվել, իսկ 365-օրյա՝ 8 փաթեթ։

«Ես դեռ փետրվարին կանխատեսել էի՝ մարտին մեծ անկում կլինի փետրվարի համեմատ, քանի որ շատ քաղաքացիներ անցան ամսական փաթեթի ոչ թե այն պատճառով, որ հասկացան դա ձեռնտու տարբերակ է, այլ հայտարարվեց բոնուսի մասին, մարդիկ էլ հասկացան կես գնով են ձեռք բերում»,-ասաց նա։

Այն, որ մարդիկ չեն դադարեցրել բողոքը, ըստ Պիպոյանի, վկայում են նաև քաղաքապետարանի գործողությունները, մշակել են նախագիծ, որով ցանկանում են պատասխանատվության կանչել չվճարող քաղաքացիներին։

Պիպոյանը կրկին ընդգծեց՝ ուղեվարձի այս չափով թանկացումն արդարացված չէր, քանի որ նախ չկա իրական ինքնարժեքի հաշվարկ։

«Ցավոք սրտի, ուղեվարձի բարձրացումը բարելավման հարց չի կարող լուծել, քանի որ տրանսպորտի այս վիճակը պայմանավորված է ոչ թե գնով, այլ ոչ պրոֆեսիոնալ կառավարումով։ Կառավարումը չի փոխվել, մոդելը չի փոխվել»,-ասաց ՀԿ նախագահը՝ ավելացնելով, որ ոչ պրոֆեսիոնալ  կառավարման մասին են վկայում նաև փաթեթներն անտրամաբանական մոտեցմամբ, անգրագետ կերպով, փնթի  կազմելը, երբ ամսական փաթեթն ավելի ձեռնտու է, քան տարեկանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder