Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով 60 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera
Քաղաքական
10:22 25/04/2025
Աշխարհ

Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով 60 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera

Գազայի հատվածին Իսրայելի ռազմական հարվածների արդյունքում վերջին 24 ժամում առնվազն 60 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 150 մարդ վիրավորվել է։ Այդ տվյալները հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելի հարվածները Գազայի հատվածում առնվազն 60 մարդու կյանք են խլել, իսկ զոհերի թիվը շարունակում է աճել, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հարվածներ հասցնել անկլավի կենտրոնական հատվածին, ինչպես նաև Ռաֆահ և Խան Յունիս քաղաքներին, որտեղ ռմբակոծությունները ավերել են բազմաթիվ տներ և ենթակառուցվածքներ:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը նաև հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում 152 վիրավոր է տեղափոխվել տարածաշրջանի հիվանդանոցներ և կլինիկաներ։ Գործակալությունը նշում է, որ փլատակների տակ և փողոցներում դեռ շատ զոհեր կան, որոնց չեն կարող հասնել շտապօգնության մեքենաներն ու քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները։

Ըստ բժիշկների՝ Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից սրված հակամարտությունից հետո հասել է 51355-ի։ Վիրավորվել է առնվազն 117248 մարդ։ 2025 թվականի մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսեց ռազմական գործողությունները անկլավում հրադադարից հետո, զոհերի թիվը հասել է 1978-ի, ավելի քան 5200 մարդ վիրավորվել է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գազայի հատվածում Իսրայելի հարձակման հետևանքով 60 պաղեստինցի է զոհվել. Al Jazeera