Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում միջադեպի վերաբերյալ՝ բացառապես քրեաիրավական մեկնաբանություն
Իրավունք
15:38 30/04/2025
Հայաստան

Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում միջադեպի վերաբերյալ՝ բացառապես քրեաիրավական մեկնաբանություն

Իրավաբան Դավիթ Թումասյանը ներկայացրել է Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ բացառապես քրեաիրավական մեկնաբանություն.

«Այսօրվա միջադեպի առնչությամբ շատ իրարամերժ տեղեկություններ և մեկնաբանություններ են շրջանառվում:

Չիմանալով (և դա քրեական վարույթ նախաձեռնելու համար կարևոր չէ), թե ինչ է տեղի ունեցել մինչ շրջանառված տեսանյութը, և ինչ իրավական գնահատական և ում նկատմամբ կտրվի մինչտեսանյութային արարքների համար, տեսանյութի դիտումից ՀԱՍՏԱՏԱՊԵՍ պարզ է դառնում հետյալը:

Տեսաձայնագրությամբ ֆիքսվել է ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունը, այն է՝ ֆիզիկական ներգործություն, որը կատարվել է անձի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր քաղաքական կամ հասարակական գործունեության հետ, մի խումբ անձանց կողմից (պատժվում է հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):

Հանցագործության օբյեկտն են տուժողի ֆիզիկական անձեռմխելիությունը պաշտպանող հասարակական հարաբերությունները:

Հանցագործության օբյեկտիվ կողմը հարվածներ հասցնելն է մի խումբ անձանց կողմից՝ առանց նախնական համաձայնության՝ սկսված, սակայն չավարտված հանցագործության ընթացքում համակատարման ձևով:

Սուբյեկտիվ կողմն ուղղակի դիտավորությունն է՝ հանկարծակի առաջացած դիտավորությամբ:

Սուբյեկտները լուսանկարներում պատկերված անձինք են:

Համակատարողների արարքները գնահատելիս պետք է ուշադրություն դարձվի նրանցից յուրաքանչյուրի կողմից հասցված հարվածների քանակին:

Դատաբժշկական փորձաքննությունն ըստ տեսանելի վնասվածքների լինելու է՝ առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող:

Այն ներկաները, որոնք փորձում էին կանխել բռնությունը, որևէ պատասխանատվության ենթակա չեն, եթե նկարահանումից հետո այլ արարքներ չեն կատարել:

Հ.Գ. Լուսանկարները տարածված տեսանյութից՝ Ժողովուրդ լրատվականից»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder