Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՍԴ-ի մեղքն է, որ 3 տարի տևեց և դատարանները հեղեղվեցին ապօրինի գույքի գործերով. Արա Ղազարյան
«ՍԴ-ն իր եզրակացության մեջ ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերում պետք չէ մեղադրական դատավճիռ, այլ բավարարա է ողջամիտ հավաստիությամբ հանցավոր վարքագծի առկայությունը»,- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» խորագրով համաժողովի ժամանակ ասաց «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Արա Ղազարյան ։
Նա նշեց, որ միայն ՍԴ-ն չէ այդ մոտեցման կողմնկակից, այլ կոռուպցիայի կանխարգելման ամբողջ գլոբալ քաղաքականությունն է գնում այդ ուղղությամբ։
«Այլ հարց է, որ կա մի ոլորտ, որի հետ չի կարողանում մերվել գլոբալ քաղաքականությունը, այն մարդու հիմնական իրավունքներն են, սա մենք տեսնում ենք Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում, որը խիստ հակասական է»,-հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետը։
Բերելով Թեոդորովի նախադեպային դատավարության օրինակը՝ նա նշեց, որ անպայման պետք է նշել կապը հանցավորության հետ, բայց չի նշվում, որ պետք է լինի մեղադրական դատավճիռ։
Նրա խոսքով՝ այն գործիքները, որոնք բերված են անգլոսաքսոնական համակարգից, դժվար են համակարգվում մայրցամաքային՝ եվրոպական իրավունքի հետ։
Նշելով, որ չի կարելի քաղաքացիական գործերը զուգամիտել քրեական գործերի հետ՝ Ղազարյանն ասաց.«Չի կարելի քրեական գործերից նյութեր բերել և դնել քաղաքացիական գործի մեջ, առավել ևս չի կարելի գաղտնի պայմաններում ստացված օպերատիվ տվյալները օգտագործել քաղաքացիական պատասխանատվության ընթացքում, որովհետև անձը նման ձևով ստացված նյութերի դեմ չի կարող պայքարել քաղաքացիական դատավարության գործիքներով։
Այս հակասականությունը մենք տեսանք ՍԴ որոշման մեջ»,- ասաց Արա Ղազարյանը և հավելեց. «Բայց այն միայն ՍԴ մեղքը չէ։ Վերջինիս միակ մեղքն այն է, որ քննությունը 3 տարի տևեց և այդ ընթացքում դատարանները հեղեղվեցին գործերով»։
Արա Ղազարյանն անդրադարձավ նաև հանրային և մասնավոր շահերի փոխհամաձայնության մեթոդաբանության թույլ զարգացմանը։
Նա ասաց, որ նման վարույթներում պետությունն ի սկզբանե դոմինանտ վիճակում է գտնվում՝ վարչադատավարական քրեաիրավական գործիքներով։
«Թեկուզ անունը դնում ենք քաղաքացիական դատավարություն, որտեղ քաղաքացին քաղաքացու դեմ է դուրս գալիս, բայց այստեղ պետությունն է քաղաքացին, որը դուրս է գալիս քաղաքացու դեմ»,-ասաց Ղազարյանը և հավելեց. «Դրա համար էլ ՍԴ-ն նշել է, որ շատ կարևոր է, թե ինչպես պետք է հավաստիացվեն, թե պատասխանողի դատավարական իրավունքները հարգվել են թե ոչ»։
Նա նշեց, որ ՍԴ-ն հպանցիկ է անդրադարձել հետադարձելիությանը, որն ամենամեծ խնդիրն է և ենթադրում է հետ գնալ մինչև 90-ականներ և այնտեղից բերել ապացույցներ՝ փաստելով, որ այն տարիներին նույնիսկ ամոթ էր գույք գնելու համար պայմանագիր կնքելը։
«Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի տնօրենը նշեց, որ ՍԴ-ն չի անդրադարձել նաև Քրական և քաղաքացիական գործերի զուգամիտմանը, որը հայցվորը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նշել էր, որովհետև կան տվյալներ, որ դատախազները քննված քրեական գործից տվյա ներ են բերում քաղաքացիական գործի դիտարկման ժամանակ, ինչը «քողարկված քրեական հետապնդում է»։
Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» վերտառությամբ համաժողովը կազմակերպել է «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձևավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։