Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սրբուհի Գալյանն ու Վահե Գրիգորյանը փորձում են ՍԴ որոշումից շեղված հակասահմանադրական մեկնաբանություն անել. Հարությունյան
«ՍԴ որոշման արդյունքում պարզվեց, որ այն դատավորները, որոնք արդեն իսկ ունեն կայացրած դատական ակտեր, որտեղ դիտել են ոչ անհրաժեշտ պատճառահետևանքային կապի առկայությունը, փաստորեն, դատական ակտերը կայացրել են հակասահմանադրական մեկնաբանությամբ»,- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը ՍԴ որոշման համատեքստում» քննարկման ժամանակ հայտարարեց «Իրավաբանական խորհրդատվական խումբ» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ընկերության գործընկեր, մասնակից տնօրեն Հարություն Հարությունյանը:
Նա նշեց, որ այսօր ունեն բազմաթիվ հայցեր, որոնցում պատճառահետևանքային կապն ամրագրված չէ, քանի որ նույն դատախազությունն իր բոլոր հայցադիմումներում այդ փաստարկները հստակ հերքել է:
Հ. Հարությունյանը նշեց, որ իրեն մտահոգում է ՍԴ որոշումից հետո արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի, ՍԴ-ի՝ այդ պահին փոխնախագահ Վահե Գրիգորյանի հարցազրույցները. «Կարծում եմ՝ փորձում են մեկնաբանել իրենց՝ ՍԴ որոշումից շեղված հերթական հակասահմանադրական մեկնաբանությամբ՝ պնդելով տարբեր թեզեր, որոնք ՍԴ որոշման մեջ ոչ միայն չկան, այլև հերքված են:
Կարծում եմ՝ այս արատավոր պրկատիկան մեզ պետք է շատ մտահոգի և բոլոր փաստաբաններով պետք է փորձենք այդ հակասահմանադրական մեկնաբանությունը դատարանների կողմից հնարավոր կատարման դեմն առնել, ինչպես, որ ըստ էությամբ, ՍԴ որոշմամբ ստացվեց առնել պատճառահետևանքային կապի բացակայության մասով իրենց մեկնաբանությունների դեպքում»։
Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկումը Սահմանադրական դատարանի ՍԴՈ – 1776 որոշման համատեքստում»» վերտառությամբ համաժողովը կազմակերպել է «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ» փաստաբանական գրասենյակը՝ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձևավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։
Մանրամասները՝ տեսանյութում։