Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի գործող իշխանությունները հայտարարել են, թե Մեծամորի ատոմակայանի փոխարեն որոշել են կառուցել փոքր մոդուլային ատոմակայան։ Ինչ է սա նշանակում Անդրկովկասում ատոմակայան ունեցող միակ երկրի համար, աշխարհում էլեկտրաէներգիայի աճող պահանջարկի պայմաններում սա արդյո՞ք խելամիտ որոշում է և ի՞նչ ռիսկեր է այն իր մեջ պարունակում։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիրքորոշումը հայտնեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի երրորդ մասը՝ ստորև.
•Այն, որ Երևանը դեռևս մեկ տարի առաջ պաշտոնապես հայտարարեց, որ գնում է մոդուլային ատոմային կայան կառուցելու ճանապարհով՝ ռիսկեր է ստեղծում նաև մեր էներգետին անվտանգության համար, որովհետև փաստացի Հայաստանը վերածվում է փորձադաշտի։
•Որևէ երկիր այսօր չունի մոդուլային ատոմային փոքր ռեակտորի շահագործման փորձ։ Կան փորձարարական ռեակտորներ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Չինաստանում։ Բայց դրանք դեռևս ինտեգրված չեն էլեկտրաէներգետիկ ցանցերին և չեն իրականացնում այն տնտեսական և մատակարարման գործառույթները, որոնք պետք է իրականացնեն ավանդական հզորության ատոմակայանները։
•Եզրակացությունը, որը կարելի է այս ամենից անել շատ պարզ է՝ Հայաստանը միջուկային էներգետիկայի ոլորտում որոշ արտաքին դերակատարների համար, խոսքը կարող է գնալ մասնավորապես ԱՄՆ-ի մասին, որոնք տարիներ շարունակ Հայաստանում առաջ են մղել այս նախագիծը, սկսում է դիտարկվել որպես փորձադաշտ։
•Հրաժարվելով մեծ հզորության ատոմակայանից և գնալով փոքր մոդուլային կայանի կառուցման ճանապարհով՝ Հայաստանը կարող է զրկվել խաղաղ ատոմ զարգացնող երկրի կարգավիճակից, որովհետև մոդուլային ատամակայանը տեղավորվում է զուտ սպառողական էներգետիկ քաղաքականության մեջ։
•Միջուկային էներգետիկայի զարգացումն ավանդական խաղաղ ատոմի զարգացման ճանապարհով, անշուշտ բխում է ՀՀ-ի երկարաժամկետ ռազմավարական նպատակներից։ Մենք միակ երկիրն ենք Անդրկովկասում, որն ունի միջուկային կայան։ Այս պահին որոշակի գործընթացներ սկսել են Ադրբեջանում միջուկային կայան ստեղծելու ուղղությամբ։
•Այն դեպքում, երբ Ադրբեջանը խոսում է մեծ ատոմակայան կառուցելու մասին, մյուս կողմից Թուրքիան կառուցում է եվրոպայում ամենախոշոր հավակնոտ միջուկային համալիրը։ Ոչ միայն Ագույուն, այլև մի շարք միջուկային նախագծեր է սկսել իրականացնել՝ նաև Չինաստանի հետ միասին, Իրանն արդեն սկսում է 3-րդ ատոմային էներգաբլոկի կառուցումը, Հայաստանը, որը շրջապատված է այսպիսի երկրներով և գտնվելով մի տարածաշրջանում, որտեղ գնալով էլեկյտրաէներգիայի պահանջարկն աճում է, պարզապես չի կարող և չպետք է իրեն թույլ տա հրաժարվել խաղաղ ատոմի ավանդական ձևաչափ ունենալուց։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։