Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյան. Երբեմն հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ–որ բան չգիտենք
«Երբեմն անհատական, հանրային, պետական մակարդակով հեշտ չէ խոստովանել, որ մենք ինչ–որ բան չգիտենք, չնայած ակնհայտ է, որ բոլոր տեղերում բոլորն ինչ–որ բան չգիտեն։ Եվ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, և մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության, կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով»,-նշել է Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ հրապարակած շնորհավորական ուղերձում։
Նա մասնավորապես ասել է.
«Բայց ցանկացած աշխատանք շատ ավելի արդյունավետ է, երբ հիմնված է տվյալ աշխատանքի, նրա նրբությունների և առանձնահատկությունների մասին սեփական գիտելիքն ընդլայնելու և հարստացնելու գործելակերպի վրա։ Սա վերաբերում է ամեն ինչին՝ արհեստին, արվեստին, ձեռներեցությանը, գյուղատնտեսությանը, մանկավարժությանը, պետական, զինվորական, համայնքային ծառայությանը, բանվորությանն ու առաջնորդությանը, և բարեկեցության հասել ու հասնում են այն պետությունները և հանրությունները, որոնք առաջնորդվում են այս տրամաբանությամբ։
Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունն առաջնորդում են այս տրամաբանությամբ, հասկանալով, որ սա պարզ ճանապարհ չէ, որովհետև խոսել գիտելիքն ընդլայնելու, հմտությունը զարգացնելու անհրաժեշտության մասին, նշանակում է արձանագրել, որ մենք ինչ–որ բան չգիտենք»։