Գյումրու ավագանու անդամի մանդատը փոխանցվեց Նարեկ Միրզոյանին
Քաղաքական
21:02 06/05/2025
Հայաստան

Գյումրու ավագանու անդամի մանդատը փոխանցվեց Նարեկ Միրզոյանին

Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը Գյումրու ավագանու անդամի՝ մանդատից հրաժարվելու հարցով արձանագրություն կազմելու օրակարգով այսօր նիստ անցկացրեց։ Նիստի ընթացքում դադարեցվեց ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի լիազորությունները։ Ավագանու անդամի մանդատը փոխանցվեց Նարեկ Միրզոյանին։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Գյումրու ավագանու՝ 6 հոգանոց «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Հրայրի Բադալյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հրաժարականի դիմում է ներկայացրել, օրենքով սահմանված կարգով համայնքապետի կողմից կազմվել է արձանագրություն, ներկայացվել է այն թիվ 31 ԸԸՀ։ Հանձնաժողովն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չի գործել, իսկ մինչ այդ Բադալյանը փոշմանել է։ Նա երկու օր անց նոր դիմում է  գրել ու հայտնել, որ պատրաստ է աշխատել ավագանիում, բայց մտադիր է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից ու դառնալ ավագանու «անկախ» անդամ։

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքում համոզված են, որ Կարեն Բադալյանի կամքի վրա ազդեցություն են ունեցել ՔՊ-ից։

«Ոչ ՏԻՄ մասին, ոչ ընտրական օրենսդրությունը չի սահմանում սեփական դիմումից հրաժարվելու որևէ մեխանիզմ, հատկապես երբ արձանագրվել է ավագանու անդամի լիազորությունների դադարեցումը։ ԸԸՀ-ն պետք է ֆիքսեր լիազորությունների դադարեցումը։ Հիմա այս քաղաքական աղմուկի մեջ ԸԸՀ-ն յոթ օր ուներ, որ Գյումրի համայնքի ղեկավարից ստանալով արձանագրությունը՝ կազմեր իր արձանագրությունը։ Սակայն ժամկետները լրացել են անգամ աշխատանքային օրերի հաշվարկով երեկ էր վերջին օրը։ Այսինքն, ԸԸՀ-ն հասարակ գործառույթը չի կատարել։ Պատկերն ամողջացնելու համար ևս մեկ էլեմենտ։ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Կարեն Հրայրի Բադալյանից մայիսի 2-ին մուտք է եղել հայց, որով խնդրում է անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի արձանագրությունը, որը ֆիքսել է իր հրաժարականը»,-ավելի վաղ Գյումրի մեկնած Panorama.am-ի լրագրողին ասել էր փաստաբան, «Մեր քաղաքը» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder