Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թիվ 31 ԸԸՀ նախագահն ինչ-ինչ նկատառումներոց ելնելով չի կատարում իր լիազորությունները. «Մեր քաղաքը» դաշինքի անդամ
Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձանաժողովի շենքում ԸԸՀ նախագահին լրագրողները, փաստաբան Սոս Հակոբյանը, ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամները չգտան։ Ստիպված Տիգրան Ղազարյանին զանգեցին, վերջինն ասաց՝ ինքը քաղծառայող է, զբաղված է, չի պատրաստվում պատասխանել հարցերին։
«Հարցերն ուղղեք Կենտրոնական ընտրական հանձնաժողով»,-ասաց Ղազարյանը։
Փաստաբան Սոս Հակոբյանը խնդրեց ներկայացնել, թե ինչու համայնքի ղեկավարի կողմից կազմված արձանագրության ներկայացումից հետո նիստ չի հրավիրվել, որոշում չի կայացվել ավագանու անդամի լիազորությունների դդարեցման վերաբերյալ։
«Ես Նարեկին ասել եմ, ինքը գիտի»,-ասաց Տիգրան Ղազարյանը, ապա անջատեց հեռախոսն ու էլ չպատասխանեց զանգերին։
Նարեկ Միրզոյանը «Մեր քաղաքը» դաշինքի ցուցակի հաջորդ համարն է, որը պետք է զբաղեցնի հրաժարականի դիմում ներկայացրած, ապա փոշմանած Կարեն Բադալյանի թափուր տեղը։ Լրագրողները նրան հարցրեցին՝ ինչ է հայտնել ԸԸՀ նախագահը։
«Երեկ հրավիրվել է նիստ, գումարվել է, գրանցամատյանում նշում է արվել, որ նիստը չի փակվել։ Տիգրան Ղազարյանը հիմնավորում էր, որ Գյումրու համայնքապետարանից ինչ-որ գրության է սպասում։ Գրության պատասխանը ստանալուց հետո պետք է 2-3 ժամ հետո նիստ նշանակվի, բայց արդեն մի քանի անգամ նիստը չի կայացել։ Ես կարծում եմ, որ նա օրենքի խախտում է թույլ տվել, իր լիազորությունը չի իրականացնում, խուսափում է, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, իր լիազորությունն իրականացնել»,-ներկայացրեց Նարեկ Միրզոյանը։
Նա նաև ասաց, որ հենց այս պահին համայնքապետարանի կողմից տրամադրված գրությունը մուտք է արվում հանձնաժողով, ինչից 2-3 ժամ հետո նիստ պետք է գումարվի, որի ընթացքում Կարեն Բադալյանի մանդատը պետք է փոխանցվի իրեն։
Փաստաբան Սոս Հակոբյանն ասաց՝ սա ոչ թե հանձնաժողովի նախագահի անփութություն է, այլ այդ անգործության պատճառով խմբակցությունը մանդատ է կորցնում, ինչը հանցագործություն է։