«Ժողովուրդ». Պատգամավորն ինքն է որոշել իր աղջկա անունը դնել Սմայլիկ, ինչո՞ւ է բողոքում
Օրվա մամուլ
08:40 07/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Պատգամավորն ինքն է որոշել իր աղջկա անունը դնել Սմայլիկ, ինչո՞ւ է բողոքում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Երեկ ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից հանդես եկավ հուզական ելույթով՝ մեղադրելով ԶԼՄ-ներին իր 3 ամյա երեխային «թիրախավորելու» համար։

«3 տարեկան իմ երեխայի վրա հոդված տպեցին. դա բարոյակա՞ն էր, թե՞ անբարո…»,- հայտարարեց Նորատուսցի պատգամավորը:

Իսկ ինչ էր գրվել լրատվամիջոցների կողմից, ավելի կոնկրետ՝ «Հրապարակ» օրաթերթի կողմից 2022 թվականի մայիսի 15-ին: Ըստ օրաթերթի՝ «Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018թ. ծնված աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց և մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց. «Այո, ունենք, Գրիգորյան Սմայլիկ Նարեկի»։ Ճշտեցինք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին է։ Պատասխանն էր. «Հա, պատգամավորի աղջիկն է»»։

Փաստորեն, այս հրապարակումը Նարեկ Գրիգորյանը համարում է երեխային թիրախավորել:

Իհարկե, ծնողները կարող են ընտրել երեխայի ցանկացած անուն, բայց մամուլին մեղադրել թիրախավորման մեջ խիստ վտանգավոր է, քանի որ ստացվում է, թե իշխանությունն է փորձում սահմանել՝ ինչ կարելի է լուսաբանել, իսկ ինչ՝ ոչ։ Իշխանության ներկայացուցիչները հաճախ շփոթում են քննադատությունը «թիրախավորման» հետ։ Հանրային գործիչ լինելը ենթադրում է հանրային վերահսկողության ենթարկվել։ Իսկ եթե որոշ տեղեկություններ կարող են դառնալ հանրային հետաքրքրության առարկա, ապա լրագրողները պարտավոր են դրանք ներկայացնել՝ առանց վախենալու «զգացմունքային» հակահարվածներից, որը երեկ արեց Նարեկ Գրիգորյանը: Ի վերջո, պատգամավորն ինքն է որոշել իր աղջկա անունը դնել Սմայլիկ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder