Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նասիբյան. Շատ դիմորդներ չեն իմանում, որ հայտագրման երկրորդ փուլում պարտադիր պետք է նշեն բուհն ու մասնագիտությունը
Շարունակվում է բուհերի ընդունելության քննությունների մասնագիտության հայտագրման գործընթաց-փուլը՝ հայտագրման երկրորդ փուլը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանն ասուլիսում ասաց, որ հունվար-փետրվար ամիսներին կազմակերպվող միասնական քննությունների ժամանակ դիմորդները բուհ, մասնագիտություն չեն նշում, բայց երկրորդ փուլից սկսած, այսինքն ապրիլ-մայիս հայտագրման ժամանակ բոլոր դիմորդները պարտավոր են նշել բուհը, մասնագիտությունը, եթե ցանկանում են, նաև հանձնել միասնական ներբուհական քննություններ։
«Երկրորդ փուլի հայտագրման գործընթացն ավարտվում է մայիսի 10-ին։ Օրեցօր դիմորդների թիվն ավելանում է։ Եթե 2025-ի հունվար-փետրվարին ունեցել ենք 11 հազար 608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12 հազար 820 դիմորդ։ Սա փոփոխական է, ամեն րոպե փոխվում է թիվը։
Միայն 7780-ը միասնական քննություններ հանձնող են»,- ասաց Նասիբյանը։
Նա ընդգծեց, որ դիմորդների մի մասն չի իմանում, որ երկրորդ փուլում պարտադիր պետք է նշեն բուհն ու մասնագիտությունը, այսինքն դիմորդներն այս փուլում պետք է կատարեն պարզ գործողություն. «Ի տարբերություն հունվար-փետրվարի, երկրորդ փուլին պարտավոր են նշել բուհն ու մասնագիտությունը, իսկ եթե չեն նշում, չեն հայտագրվում։
Նախորդ տարիներին ունեցել ենք դեպքեր, երբ դիմորդը, որը ցանկանում էր ուսումը շարունակել բուհի առկա ուսուցման համակարգում, դուրս մնաց, որովհետև երկրորդ փուլում չէր նշել բուհը, մասնակգիտությունը, իսկ ԳԹԿ-ում, բնականաբար, համակարգը չի կարողանում ընկակել այդ միասնական քննություններն ինչու համար է ինքը տվել։
Այսօր մենք ունենք 4240 դիմորդ, որոնք ունեն գնահատականներ, նշել են գնահատականները, բայց չեն նշել բուհը, մասնագիտությունը։ Հորդորում եմ, խնդրում եմ այս 4 օրվա ընթացքում ընտրեն բուհ, մասնագիտություն, այլապես դուրս կմնան մրցույթից։ Եթե չի մասնակցում մրցույթին, բնականաբար, դուրս է մնում բուհերի ընտրության ցուցակներից։
Մենք նման դեպքերում հաղորդագրություններ ենք ուղարկում իրենց, որ բուհ չեք նշել, եթե ցանկանում եք ուսումը շարունակել առկա ուսուցման համակարգով, ընտրեք բուհն ու մասնագիտությունը»,- ասաց ԳԹԿ տնօրենի տեղակալը։
Նա նշեց, որ հունվար –փետրվարին քննություններին մասնակցել է 11 հազար 608 դիմորդ, այսօրվա դրությամբ նրանցից 7780 –ը ցանկանում են նորից հանձնել քննություն։
«Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ հունվար-փետրվարին քննություն հանձնող դիմորդների 80 տոկոսը նորից ցանկանում է հունիսին հանձնել քննություն՝ գնահատականները բարելավելու համար»,- ասաց նա։
Նա նշեց, որ նախորդ տարիների համեմատ, այս տարի դիմորդների աճ կա։ Ըստ Նասիբյանի, կարող է դեր խաղացած լինեն Արցախից եկած մեր հայրենակիցները։ Ամեն տարի Արցախում մոտ 800 հոգի մասնկցում էին տեղի բուհերի մրցույթին։
ԳԹԿ տնօրենի տեղակալն ասաց, որ նախորդ տարիները ցույց են տվել՝ մրցույթի միավորները բարձր են իրավագիտության, բժշկության, ՏՏ ոլորտի մասնագիտություններով։