Նոր Սահմանադրության տեքստը կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա. Գալյան
Իրավունք
15:07 07/05/2025
Հայաստան

Նոր Սահմանադրության տեքստը կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա. Գալյան

«Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք։ Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կողմ է Անկախության հռչակագիրը դուրս գա Սահմանադրությունից, նախնական քննարկումներ կա՞ն այդ ուղղությամբ, նա պատասխանեց. «Տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է»:

Նա ընդգծեց, որ հայեցակարգը մեկն է, որի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։

«Չենք  քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի։ Երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ, իհարկե, հանրության դատին կհանձնենք և շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը:

Նոր Սահմանադրության տեքստը կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա: Երբ ինձ հարցեր են ուղղում՝ ինչո՞ւ չեք ասում, ինչո՞ւ չեք ասում, միշտ ասում եմ՝ ասելու ենք, իհարկե, որովհետև վերջնաարդյունքում ժողովուրդն է քվեարկելու «կողմ» կամ «դեմ» Նոր Սահմանադրության ընդունմանը»,- ասաց Ս.Գալյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder