Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նոր Սահմանադրության տեքստը կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա. Գալյան
«Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք։ Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կինի»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կողմ է Անկախության հռչակագիրը դուրս գա Սահմանադրությունից, նախնական քննարկումներ կա՞ն այդ ուղղությամբ, նա պատասխանեց. «Տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է»:
Նա ընդգծեց, որ հայեցակարգը մեկն է, որի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։
«Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի։ Երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ, իհարկե, հանրության դատին կհանձնենք և շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը:
Նոր Սահմանադրության տեքստը կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա: Երբ ինձ հարցեր են ուղղում՝ ինչո՞ւ չեք ասում, ինչո՞ւ չեք ասում, միշտ ասում եմ՝ ասելու ենք, իհարկե, որովհետև վերջնաարդյունքում ժողովուրդն է քվեարկելու «կողմ» կամ «դեմ» Նոր Սահմանադրության ընդունմանը»,- ասաց Ս.Գալյանը։