Վտանգը տեսնում եմ ամեն ինչի մեջ՝ թե աշխատաոճի, թե ռեպերտուարային քաղաքականության մեջ. Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան
Մշակույթ
16:03 14/05/2025
Հայաստան

Վտանգը տեսնում եմ ամեն ինչի մեջ՝ թե աշխատաոճի, թե ռեպերտուարային քաղաքականության մեջ. Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան

«Կարելի էր գալ ու խոսել դերասանների հետ։ Ինչու պետք է մամուլից իմանանք, որ մեր տնօրենին հեռացրել են, մամուլից իմանանք նոր տնօրենի անունը»,-ասաց դերասան  Սարգիս Շողունցը, ով Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանների հետ գործադուլ է անում՝  իրենց դժգոհությունը հայտնելով Երևանի քաղաքապետարանի որոշման դեմ, որով թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը հեռացվել է պաշտոնից, նշանակվել է տնօրենի պաշտոնակատար։

«Որևէ մեկի դեմ ոչինչ չունենք, մեր պահանջն է քաղաքապետարանից գան, մենք իրենց հարցեր ունենք, վստահաբար, իրենք էլ ասելիք ունեն մեզ։

Եկեք ու ձեր ասելիքն ասեք մեր ավագ սերնդի այն մարդկանց, ովքեր այս թատրոնում արած բան ունեն»,- ասաց դերասանը։

Հարցին՝ նշվում է, որ թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանի գնալով կքանդվի թատրոնը, բովանդակային ձևախեղումների վտանգ եք տեսնո՞ւմ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի առաջատար դերասան Արտաշես Շահվերդյանն ասաց. «Վտանգը տեսնում եմ ամեն ինչի մեջ՝ թե աշխատաոճի, թե վերաբերմունքի, թե ռեպերտուարային քաղաքականության մեջ։

Սա իմ անձնական կարծիքն է։ Ես վտանգ եմ տեսնում։

Երբ որ դասագրքերից հանվում են որոշ ծրագրեր, որոշ հեղինակներ, երբ որ շատ-շատ թեմաներ չեն արծարծվում, երբ որ քարտեզներ են վերանում, այստեղից աված խոսքը՝  հայ հեղինակներին բեմ բարձրացնելը, եթե դա էլ վերացավ...  իսկ երեկվա գրված մեջ դա գոնե տողատակով զգում եմ, դա ահավոր է լինելու։

Եկեք «Խենթը» ներկայացումից հետո իջեք ցած, տեսեք՝ ինչ է կատարվում այնտեղ, դերասաններին բաց թողնում անեն, ուզում են բոլորի հետ լուսանկարվել, շնորհակալություններ են ասում ու նամակներ գրում»։

Նա նշեց, որ այս ամենի պատճառն ավելի խորն է, քան առիթը։

«Եթե չլիներ այդ հրավիրատոմսերի առիթը, այլ առիթ կփնտրեին, եթե կա նպատակ»,- ասաց Ա. Շահվերադյանը։

Հիշեցնենք, որ Էմին Թորոսյանը, դերասանների ներկայացմամբ, հեռացվել է թատրոնի տնօրենի պաշտոնից այն պատճառաբանությամբ, որ  «հրավիրատոմսերը շատ է  բաժանել»։

Երեկ քաղաքապետարանից հայտնեցին, որ առաջիկայում թատրոնի կոլեկտիվի հետ կկազմակերպվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Մարգարյանը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վտանգը տեսնում եմ ամեն ինչի մեջ՝ թե աշխատաոճի, թե ռեպերտուարային քաղաքականության մեջ. Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան