Ավելացնելու ոչինչ չունեմ ոչ իմպիչմենտի մասով, ոչ մնացած հարցերով, Գեղամ Նազարյանը՝ Էդգար Ղազարյանին
Քաղաքական
11:28 15/05/2025
Հայաստան

Ավելացնելու ոչինչ չունեմ ոչ իմպիչմենտի մասով, ոչ մնացած հարցերով, Գեղամ Նազարյանը՝ Էդգար Ղազարյանին

«Քիչ առաջ ներկայացավ քաղաքացի կոնկրետ խնդրով, կոնկրետ իրավունքների խախտումներով, պատրաստվում եմ այս մարդու իրավունքների պաշտպանությամբ զբացվել։ Ձեր դեպքում չեմ տեսնում, որ ձեր իրավունքներն ինչ-որ մի տեղ խախտվել են»,- Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ հանդիպմանն ասաց ԱԺ-ում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա նշեց, որ Է. Ղազարյանը երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել,  զբաղվել է քաղաքական գործունեությամբ, ու ինքը չպետք է բացատրի, թե որ միջոցառումը ինչի համար է. «Քաղաքացիների ընդունելությունը քաղաքացիների խնդիրների ընդունելության համար է։

Բայց եթե դուք օրենքում բաց եք գտել,  եկել եք, որ ձեր պահանջները ներկայացնեք, դեմ չեմ»։

Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանը քաղաքացիների ընդունելության շրջանակում հերթագրվել էր հանդիպել ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ։ Քննարկման թեման Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացն է։  Նրան ընդունեց միայն հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը։

Նազարյանն ասաց, որ քաղաքական հարցեր լուծելու համար այլ հարթակներ կան։

«Դուք բարձրացնում եք քաղաքական բնույթ կրող հարցեր։ Լավ եք անում, ձեր իրավունքից օգտվում եք։ Ինչ վերաբերում է  իմպիչմենտին, այդ մասին ձեր նախաձեռնությանն առնվազն երեք անգամ հրապարակային պատասխանել եմ, ավելացնելու ոչինչ չունեմ։ Մնացածը՝ ձեզ հաջողություն, ձեր բոլոր գործերին։

Ավելացնելու ոչինչ չունեմ ոչ իմպիչմենտի մասով, և մնացած  ձեր բարձրացրած հարցերով։ Եթե ունեք ասելիք, մենախոսություն, համեցեք»,- նշեց Գ.Նազարյանը։ 

Է.Ղազարյանն արձագանքեց, որ ինքը եկել է հանձնաժողովի առջև իր հարցերը բարձրացնելու համար։ 

«Ժամանակ չկա, այնպես չէ, որ մենք պետք է ձեր մենախոսությունն անընդհատ լսենք։ Հարց եմ տալիս՝ կոնկրետ հարց ունե՞ք պետաիրավական հանձնաժողովի աշխատանքի հետ կապված, կամ ձեր իրավունքների հետ կապված, որ  հանձնաժողովը ձեզ, որպես քաղաքացի Էդգար Ղազարյանի, կարող է օգտակար լինել, տվեք, ես էլ փորձեմ զբավել այդ հարցերով»,- ասաց Նազարյանը։ 

Ի պատասխան՝ Ղազարյանն ասաց. «Քաղաքացիները պետական մարմիններին չեն դիմում միայն իրենց անձնական հարցերով, կարող են  պետական մարմինների առջև բարձրացնել նաև հանրային նշանակության հարցեր»։ 

«Բարձրացրեք»,- արձագաքեց Նազարյանը։ 

Գեղամ Նազարյանը, ի պատասխան Էդգար Ղազարյանի հարցին, ասաց, որ ծանոթ չէ կառավարության գործունեության ծրագրին։ 

Ղազարյան-«Բա ինչպե՞ս եք իրականացնում ձեր վերահսկողական ֆունկցիան  որպես պատգամավոր»։

Նազարյան- «Չեմ իրականացնում»։ 

Ղազարյան-«Այսինքն դուք հրաժարվո՞ւմ եք ձեր պաշտոնական պարտականությունները կատարելուց»։

Նազարյան-«Այո»։

Ղազարյան-«Ինքնախոստովանական որևէ հաղորդում ներկայացրե՞լ եք դատախազություն դրա մասին»։

Նազարյան-«Հաշվեք, հենց հիմա ներկայացրեցի»։ 

Ղազարյան-«Շատ լավ, շնորհայալություն»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder