«Եվրատեսիլ-2025». Այսօր ելույթ կունենա Պարգը
Մշակույթ
15:39 15/05/2025
Հայաստան

«Եվրատեսիլ-2025». Այսօր ելույթ կունենա Պարգը

Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Ելույթ կունենա 16 երկրի ներկայացուցիչ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Պարգը։ Նա իր «Survivor»  երգով եվրատեսիլայան բեմ կբարձրանա 5-րդ համարի ներքո։

Ինչպես մայիսի 15-ին քվեարկել Հայաստանի օգտին.  Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղից կարող են աջակցել մեր պատվիրակին և քվեարկել: Մրցույթը կմեկնարկի  Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին): Քվեարկելու համար հարկավոր է 05 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:

«Ուշադրություն՝ քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն»,- նշում են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից։

«Survivor» երգի  հեղինակներն են Թոմաս ՋիՍոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրատեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» Եվրատեսիլի հաղթող երգի հեղինակը)։

«Ես ունեմ երգ «Առաջ», մեսիջն է՝ քայլել առաջ, չնայել դժվարություններին։ Ինձ թվում է՝  այս երգը դրա երկրորդ մասին է։ Միտքն այն է, որ չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ։ Բոլորս էլ ունենում ենք դժվարություններ, բայց չպետք է կորցնենք մեզ, լույսը»,- ավելի վաղ ասել էր երգիչը։ 

«Եվրատեսիլ 2025»-ը մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայացել էր մայիսի 13-ին։ Եզրափակիչը կկայանա մայիսի 17-ին։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder