Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին կշարունակի՞ դասավանդել նույն դպրոցում
Կրթություն, գիտություն
17:06 16/05/2025
Հայաստան

Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհին կշարունակի՞ դասավանդել նույն դպրոցում

«Գործ ունենք բազմաշերտ, տարբեր բաղադրիչներ ունեցող պրոցեսի հետ։ Երբ որ  նման դեպքեր ենք ունենում, դա երբեք մեկ օրվա, մի միջադեպի դրսևորում չէ, վկայում է այն մասին, որ դպրոցում եղել են խնդիրներ, որոնք այդ օրն արտացոլվել են այդ ձևաչափով»,- լրագրողներին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի, որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների մասնակցությամբ։

Ըստ նրա, այսօր իրենց ամենակարևոր հարցն է՝   հասկանալ ինչու և ինչպես է տեղի ունեցել, որ նման իրավիճակը հնարավոր է  դարձել. «Նման իրավիճակները հնարավոր են լինում, երբ որ ժամանակին  ճիշտ չեն արձագանքում պրոբլեմներին․ եթե ժամանակին բոլոր օղակներն իրենց աշխատանքն անեն պատշաճ ու բավարար, էլի կարող են ունենալ խնդիրներ, բայց դրանք չեն կարող նման դրսևորումներ ունենալ։

Սա նաև կոմունիկացիայի պակասի, միմյանց հետ  ոչ բավարար խոսելու  և հաղորդակցվելու, ծնողական  համայնքի հետ ոչ բավարար աշխատանքի հետևանք է»։

Ժ. Անդրեասյանն ասաց, որ այսօր մարզպետարանի աշխատակազմի հետ քննարկվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հարցը. «Պետք է ունենանք բավարար փորձառու,  հմտություն ունեցող անձ, որ կարող է տեղում ճիշտ կառավարել իրավիճակը։ Բայց այստեղ միայն ժամանակավոր պաշտոնակատարը չէ, կաշխատեն տարբեր մարմիններ՝ տեսչական մարմնի,  հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, այլ մարմինների ներգրավածությամբ, որպեսզի բոլոր խնդիրների բոլոր շերտերը բացահայտվեն, դրանց ճիշտ արձագանք տրվի»։

Նա կարծում է, որ  նոր ուսումնական տարում այս դպրոցում բոլորովին այլ միջավայր կլինի։

Հարցին՝ պատմության ուսուցչուհին կշարունակի՞ դասավանդել Մերձավանի դպրոցում, թե՞ կտեղափոխվի, հաշվի առնելով այն մթնոլորտը, որ ստեղծվել է  իր շուրջ, Ժաննա Անդրեասյանն ասաց. «Կարծում եմ, որ որևէ ուսուցիչ չպետք է իր աշխատանքի շարունակությունը չապահովի միայն այն պատճառով, որ այդտեղ իրեն թիրախավորւմ են, չեն ստեղծում աշխատելու պայմաններ։ Այս դեպքն այս  ձևաչափով պետք է բացառվի։ Մնացածը՝ յուրաքանչյուրն ազատ է  իր աշխատավայրի ընտրության հարցում, ինչ կորոշի ուսուցչուհին՝ չեմ կարող ասել, բայց մենք որպես նախարարություն, պատկան մարմինները պետք է ապահովեն այն միջավայրը, որ ուսուցիչն իրեն պաշտպանված զգա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder