Ջալալ Հարությունյանն այսօր հրաժարվել է պաշտպաններից՝ նրանց մեղադրելով ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ
Իրավունք
13:12 16/05/2025
Հայաստան

Ջալալ Հարությունյանն այսօր հրաժարվել է պաշտպաններից՝ նրանց մեղադրելով ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ

Վերաքննիչ դատարանում 44-օրյա  պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով այսօրվա նիստի ժամանակ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը հրաժարվել է իր պաշտպաններից՝ հայտարարելով, որ նրանք պրոֆեսիոնալ չեն գործել, իրեն սխալ են ուղղորդել, նրանց խորհրդով համաձայնել է փորձագետների չհարցաքննելուն, համաձայնել է վկայի ցուցմունքի հիման վրա փորձաքննություն չնշանակելուն և այլն, և այլն։ Նա բացարկի միջնորդություն է ներկայացրել նաև հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանին՝ նշելով, որ նա անկողմնակալ չէ,  զոհվածների ծնողների և հարազատների հետ ողջագուրվում է։ Նիստին պաշտպանները ներկա չեն եղել։

«Մենք ստացել ենք Հարությունյանից ծանուցում, որ հրաժարվում է մեզանից, դրա մասին էլ դատարանին հայտնել ենք, որևէ այլ բան չունենք հայտարարելու»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ջալալ Հարությունյանի արդեն նախկին պաշտպաններից Էդգար Այվազյանը։

Այվազյանը որևէ կերպ չի մեկնաբանեց Հարությունյանի կողմից՝ իրենց մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ գնահատականները, չպատասխանեց հարցին, արդյոք Հարությունյանի հետ երկկողմ համաձայնությա՞մբ են եկել այս որոշմանը, թե՞ ծանուցումն իրենց համար անակնկալ է եղել։

Տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը Panorama.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց՝  Ջալալ Հարությունյանն այս ամենն արել է միտումնավոր, փորձում է  գործն այնքան ձգձգել, մինչև լրանա վաղեմության ժամկետը։ Այդ ժամկետը լրանում է  այս տարվա հոկտեմբերի 12-ին։

«Միանշանակ միտումնավոր քայլ է, նպատակը ժամանակ ձգձգելն է, որպեսզի վաղեմության ժամկետը լրանա»,-ասաց Սիմոնյանը։

Նրա համար անակնկալ է եղել իր պաշտպանների մասին Հարությունյանի խայտառակ բնորոշումները, այն դեպքում, երբ պաշտպանները բարձր պրոֆեսիոնալիզմիով օժտված են։

«Հատկանշական է, եթե նախկին պաշտպաններին նա նման բացասական բնութագրումներ է տալիս, ինչո՞ւ չի հրաժարվում նրանց ներկայացրած բողոքից։ Եթե վատն են, ոչ պրոֆեսիոնալ են, ո՞նց են քննարկելու այդ բողոքը։ Սա էլ խոսում է այն մասին, որ քայլը միտումնավոր է արված»,-ասաց Սիմոնյանը՝ չբացառելով, որ Ջ. Հարությունյանն ու նրա արդեն նախկին պաշտպաններն այս հարցի շուրջ պայմանավորված են գործում։

Վերաքննիչ դատարանը բավարարել է Ջ. Հարությունյանի միջնորդությունը։ Դատական նիստը հետաձգվել է երկու շաբաթով։ Հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 30-ին ժամը 11։00-ին։

«Հույս ունեմ՝ իրենց չի հաջողվի հասնել վաղեմության ժամկետի ավարտին։ Լավ, իրավական առումով հաջողվեց հասնել դրան, բա բարոյակա՞ն առումով։ Գոնե ինքը լավ գիտի իր արածը»,-ասաց Լ. Սիմոնյանը։

Հիշեցնենք, 44-օրյա  պատերազմում Ցորի Դ-20 դիվիզիոնի 20 զինծառայողների զոհվելու գործով գեներալ-լեյտենանտ Ջ. Հարությունյանին ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նա դատապարտվել է 5 տարի վեց ամիս ազատազրկման։ Դատավոր Գարիկ Աբելյանի կայացրած վճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են թե մեղավոր ճանաչված Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպանները, թե տուժող կողմի ներկայացուցիչները։ Տուժող կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում է Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանել առավելագույն պատիժ՝ 8 տարի ազատազրկում։ Հարությունյանի պաշտպանների պահանջներից մեկը վերաբերում է նրան արդարացնելուն։

«Ցոր» զորամասի հրետանավորներն ավելի քան մեկ տարի անհետ կորած են համարվել։ Նրանցից 11-ի աճյունները հայկական կողմին է փոխանցել 2021 թ. նոյեմբերի 2-ին Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջալալ Հարությունյանն այսօր հրաժարվել է պաշտպաններից՝ նրանց մեղադրելով ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ