«Փաստ». Հասարակությունը զգում է, որ պետությունն ինքն է թերագնահատում զինվորական ծառայության արժեքը
Օրվա մամուլ
08:56 20/05/2025
Հայաստան

«Փաստ». Հասարակությունը զգում է, որ պետությունն ինքն է թերագնահատում զինվորական ծառայության արժեքը

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանի զինված ուժերի ու ազգային անվտանգության համակարգի ներկա վիճակը, ինչպես երբեք, պահանջում է անհապաղ խորքային վերանայում և ռազմավարական վերակառուցում ու վերակազմավորում։ Առաջիկայում Հայաստանն էլ ավելի լուրջ խնդիրներ կունենա, եթե այս տեսանկյունից հետևություններ չարվեն։ Բայց պաշտպանական համակարգի համատեքստում իրականացվող վերջին փոփոխություններն ու առաջարկները ոչ միայն ուղղված չեն ամրապնդելու բանակը, այլ, ընդհակառակը, վտանգվում է դրա ինստիտուցիոնալ հիմքը։

Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած օրենսդրական նախաձեռնությունը՝ պարտադիր զինծառայության ժամկետը փոխարինել խոշոր ֆինանսական վճարով և ծառայել ավելի կարճ ժամկետ, ոչ միայն խախտում է հավասարության սկզբունքը, այլ փաստացի ձևավորում է խոշոր բևեռացում. մի կողմում կլինեն նրանք, ովքեր կարող են վճարել և ազատվել ծառայությունից կամ ծառայության անցնել «հեշտացված» տարբերակով, մյուս կողմում նրանք, ովքեր ստիպված են իրենց ուսերին կրել ծառայության ողջ բեռը։ Այս մոդելը խորապես անարդար է, հակասում է համընդհանուր պաշտպանության գաղափարին և էթիկային։ Այդ մեխանիզմը խաթարում է բանակի հասարակական ընկալումը՝ այն վերածելով տուգանային կամ սոցիալական բեռի, այլ ոչ թե ազգային միասնության խորհրդանիշի։ Դեռ չենք խոսում այն մասին, որ, օրինակ՝ մեկ ամիս ծառայությունը որակական առումով որևէ արդյունք տալ չի կարող։ Միայն նրա համար, որ ծառայողներն ադապտացվեն բանակային պայմաններին, ինքնին մեկ ամսից ավելի ժամանակ է պետք։

Բացի այդ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է պետական քաղաքականությունը վերստին փորձում զերծ մնալ բանակի արդյունավետության բարելավմանն ուղղված խորքային բարեփոխումներից և փոխարենը առաջ տանել մոդելներ, որոնք կարելի է բնութագրել որպես «սոցիալական ինժեներություն»՝ բանակի գաղափարական և կազմակերպչական ենթահիմքը աստիճանաբար փոխելու միջոցով։ Դա բացահայտորեն վտանգավոր է, քանի որ Հայաստանի համար, հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական բարդ դիրքը, բանակը միշտ պետք է լինի հանրային համախմբվածության հենասյունը։

Եթե այդ հենասյունը փոխարինվում է ընտրանքային մոդելով, որտեղ ծառայությունը դառնում է միայն աղքատների ճակատագիրը, ապա ամբողջ պետական անվտանգության համակարգը կկորցնի իր համախմբող և համազգային բնույթը։ Այսինքն, այն դեպքում, երբ հասարակությունը զգում է, որ պետությունն ինքն է թերագնահատում ծառայության արժեքը, ապա այդ նույն հասարակությունը չի կարող ցուցաբերել պատրաստակամություն՝ անհրաժեշտ պահին անձնազոհության կամ դիմադրության համար»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Փաստ». Հասարակությունը զգում է, որ պետությունն ինքն է թերագնահատում զինվորական ծառայության արժեքը