Տեղյակ եք, որ կառավարության ծրագիրը չի կատարվում, ինչո՞ւ չեք նախաձեռնում Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց. Ղազարյանը՝ Գեղամ Մանուկյանին
Քաղաքական
13:34 21/05/2025
Հայաստան

Տեղյակ եք, որ կառավարության ծրագիրը չի կատարվում, ինչո՞ւ չեք նախաձեռնում Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց. Ղազարյանը՝ Գեղամ Մանուկյանին

Այսօր Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության շրջանակներում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը  հանդիպեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հետ՝ քննարկելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու (իմպիչմենտի) գործընթացը։

Գեղամ Մանուկյանն ասաց, որ ստացել է  նախաձեռնության նամակը, կարդացել է. «Մեր բոլոր գործընկերները ծանոթացել են նամակին, «Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել  հայտարարությամբ։ Դրանից ավելի այս հարցով  ավելացնելու բան չունեմ։ Կխնդրեմ, բավարարվել խմբակցության հայտարարությամբ»։

Է. Ղազարյանն ասաց, որ ծանոթ է հայտարարությանը, իր մոտ հարցեր են առաջացել, հարցում է  ուղարկել խմբակցության ղեկավարին, բայց դեռ պատասխան չի ստացել։

«Մենք խմբակցությանը չէինք դիմել, այլ պատգամավորների։ Ակնկալում էինք, որ յուրաքանչյուր պատգամավոր իր տեսակետը կարտահայտի։ Ակնկալում եմ օրենքով սահմանված ժամկետով, որը մեկ ամիս է, յուրաքանչյուր պատգամավորից ստանալ պատասխան»,- նշեց նա։

Է.Ղազարյանի ներկայացմամբ, իրենց նամակում կառավարությանն անվստահություն հայտնելու հիմքերը շատ հստակ են. «Կառավարության գործունեության ծրագրի դրույթների գերակշիռ մասը կառավարությունը չի կատարել, իսկ եթե  կառավարությունն իր գործունեության ծրագիրը չի կատարում, ապա մեր Սահմանադրությունը  նախատեսում է  կառավարությանն անվստահության հայտնելու գործիքակազմ։ Խնդրում եմ՝ որպես պատգամավոր հնարավորինս սեղմ ժամկետում նախաձեռնել  վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Խնդրում եմ իմ այս խնդրանքը փոխանցել հանձնաժողովի մնացյալ բոլոր անդամներին, անկախ որ խմբակցությունից են»։

Գ. Մանուկյանն ասաց, որ իրենք պարբերաբար բարձրաձայնել են, նաև Նիկոլ Փաշինյանի երեսին են ասել՝ այն ծրագրով, որով 2021 թվականի ընտրություններին է  մասնակցել,  180 աստիճան  հակառակ գործունեություն է ծավալել՝ անվտանգություն, տնտեսություն, արտաքին քաղաքականության, Արցախյան հարց։

Է.Ղազարյանն արձագանքեց. «Եթե տեղյակ եք, որ կառավարության ծրագրի դրույթները չեն կատարվում, հարցնում եմ՝ այդ դեպքում ինչո՞ւ չեք նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տեղյակ եք, որ կառավարության ծրագիրը չի կատարվում, ինչո՞ւ չեք նախաձեռնում Փաշինյանի իմպիչմենտի գործընթաց. Ղազարյանը՝ Գեղամ Մանուկյանին