Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ «Իսակովի պողոտայի» հողատարածքի գործով դատական նիստը։
Սերժ Սարգսյանին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին. խոսքը հողերի օտարման մասին է։
Հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանը հայտարարեց, որ տարիներ առաջ ինքը և նախագահող դատավոր Ա.Գրիգորյանը միասին են աշխատել, իրենց մեջ եղել է աշխատանքային շփում, իսկ աշխատանքի բնույթը փոխվելուց հետո շփում չի եղել։ Միաժամանակ նշեց, որ այս հանգամանքը չի կարող կաշկանդող լինել, պարզապես բացահայտում է դա, որ հետագայում շահարկումներ չլինեն։ Բայց և այնպես, հանրային մեղադրողը, դատավորը չհեռացան վարույթից։
Այնուհետև դատավորը հայտարարեց, որ անցնում են քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի քննարկմանը։ Սերժ Սարգսյանի պաշտպաններից մեկը հայտնեց, որ մինչև միջնորդությունը ներկայացնելը պետք է հիմնավորված փաստարկներ ներկայացնեն, իսկ ինքն այս պահին նման միջնորդություն չի կարող ներկայացնել, քանի որ գործի նյութերին ծանոթ չէ։ Միջնորդեց նախնական դատալսումներն ու դատական նիստը հետաձգել՝ ծանոթանալու գործի նյութերին։
Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»: