Կառավարությունը բյուջեից 84.4 մլն դրամ հատկացրեց չգործող ԱՆԻՖ-ի շահութահարկը վճարելու համար
Քաղաքական
15:34 22/05/2025
Հայաստան

Կառավարությունը բյուջեից 84.4 մլն դրամ հատկացրեց չգործող ԱՆԻՖ-ի շահութահարկը վճարելու համար

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում ընդգրկված ՀՀ 2025թ. պետական բյուջում փոփոխություն կատարելու մասին որոշմամբ  84.4 մլն դրամ կհատկացվի սնանկացած ԱՆԻՖ-ին՝ 2024-ի շահութահարկը վճարելու համար։

Հարկային պարտավորության կատարման վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 20-նն էր։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «ԱՆԻՖ ընկերությունը պետք է լուծարվեր 2024 թվականի ընթացքում, բայց լուծարման հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել ՀՀ կառավարության սահմանված աշխատանքների չիրականացման պատճառով։

ԱՆԻՖ-ին տրամադրված 1.7 միլիարդ դրամ դրամաշնորհի կազմում 2024 թվականի շահութահարկի գումարը չի ներառվել, քանի որ այն ի սկզբանե չի կանխատեսվել որպես ծախս և, հետևաբար, չի արտացոլվել նաև ընկերության տնօրենների խորհրդի կողմից հաստատված ծախսային նախահաշվում։ Դրամաշնորհի հատկացումը կիրականացվի առանց մրցույթի»։

Դրամաշնորհը նախատեսված է ուղղել միայն մեկ նպատակով՝ ընկերության շահութահարկի պարտավորության մարմանը։

Հիշեցնենք,որ ԱՆԻՖ-ը ստեղծվել է 2019 թ․ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա մեծ ներդրումներ ներգրավելու և խոշոր նախագծեր և զարգացնել ենթակառուցվածքներ խթանելու համար: ԱՆԻՖ-ի հիմնադրման պահից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ընկերության տնօրենների խորհրդի նախագահը եղել է Տիգրան Ավինյանը։2022-2023 թվականներին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են հիմնադրամում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր:  2025 թվականի ապրիլին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, որի  նախաքննությունն ընթանում է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։  Այդ քրգործը հարուցվել է  Պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունից հետո:   Այս պահին, սակայն, գործով որևէ մեղադրյալ չկա։

Աննա Վարդապետյանը խորհրդարանում հայտնեց, որ ԱՆԻՖ-ի գործով այժմ ակտիվ նախաքննության փուլում են։ Գլխավոր դատախազը չէր բացառել, որ կարճ ժամանակ անց հնարավոր է՝ քրեական հետապնդումներ հարուցվեն։ ԱՆԻՖ-ի հիմնադրման պահից մինչև 2023 թվականի հոկտեմբեր ընկերության տնօրենների խորհրդի նախագահը եղել է Տիգրան Ավինյանը։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder