Չկալովկա գյուղի բնակիչները ցանկանում են եղջերավորների բրուցելոզի կրկնակի հետազոտություն
Տնտեսություն
16:37 24/05/2025
Հայաստան

Չկալովկա գյուղի բնակիչները ցանկանում են եղջերավորների բրուցելոզի կրկնակի հետազոտություն

Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում  անասնապահության զբաղվող ընտանիքների մոտ 50 %  դեպքերում հայտնաբերվել է  բրուցելոզ հիվանդությունը։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Չկալովկա գյուղի վարչական ղեկավար Վահրամ Կարապետյանը։

«Նմուշառումները արվել են ապրիլի 8-ից, մինչև 12-ն ընկած ժամանակահատվածում։   219 խոշոր եղջերավոր անասունից  46-ի  մոտ հաստատվել է բրոցելոզ հիվանդությունը, իսկ 397 մանր եղջերավորից՝ 81-ի մոտ։ Բոլոր այն կենդանիները, որոնց մոտ հաստատվել է հիվանդությունը, ենթարկվել են սպանդի։ Այսինքն՝ անասնապահությամբ զբաղվող ընտանիքների  50 տոկոսի մոտ եղել է այդ թիվը։Կան ընտանիքներ, որոնց մոտ ընդհանրապես չկա։ Նույնիսկ զարմանում ենք էլի ո՞նց կարողա հարևանի տանը լինի, մյուս տանը չլինի, մանավանդ որ իրար հետ նույն տեղն են կենդանիներն արոտի գնում»,- ասաց Վահրամ Կարապետյանը։

Գյուղապետնն ասաց, որ խոշոր եղջերավոր անոասունների 22 տոկոսի և մանր եղջերավոր անասունների մոտ 28 տոկոսի մոտ է հաստատվել հիվանդությունը։ Նա նշեց, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան և հնարավոր է՝ նոր դեպքեր ևս հաստատվեն կրկնակի հետազոտության ընթացքում։

 «Խնդրել ենք, որպեսզի կրկնակի ստուգում իրականացնեն։ Հնարավոր է, որ մորթված կենդանիներից, բացի մյուս կենդանիների մոտ էլ լինի, քանի որ գաղտնի շրջան ունի , ըստ մասնագետների՝ 2-3 ամիս գաղտնի շրջան կա, որոշ դեպքերում նույնիսկ՝ 8-9 ամիս։ Այսինքն՝ կրկնակի ստուգումները պետք  է այնքան կրկնվեն մինչև հիվանդությունն ի սպառ վերանա։ Ես համապատասխան գրությամբ դիմել եմ Էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով լաբորատոր ստուգումը հիմա իրականացնեն, քանի որ տոկոսները բարձր են և կա վտանգ, որ նորից կարող է լինել հիվանդությունը»։

 Կարապետյանն ընդգծեց, որ նախորդ տարվա աշնան իրականացվել է ստուգում, սակայն այդ ժամանակ հիվանդություն չի հայտնաբերվել։ Բռնկումն սկսվել է գարնանը։ Անասնապահությունը գյուղի եկամտի հիմնական աղբյուրն է։

«Կոնկրետ հաշվարկներ չենք արել, բայց միջինացված կարող ենք ասել։ Նույն խոշոր անասունների դեպքում, եթե 46-ը բազմապատկենք  մոտ 500 000 դրամի, կստանանք 23 մլն դրամ, իսկ մանր եղջերավորների դեպքում՝ 81-ը բազմապատկենք 50-60 հազար դրամի նորից կսանանք մոտավոր կորստի չափը»

Ինչ վերաբերում է բնակիչներին, ապա Կարապետյանն ասաց, որ հիվանդության մասին շատերը չեն բարձրաձայնում, ամաչում են։

«Բռնկումը երբ սկսեց և աղմուկ բարձրացավ հիվանդության մասին, սկսեցին խոսել։ Հիմա երեք բնակչի մոտ հաստատվել է, բուժման մեջ են։ Բայց լաբորատոր հետազության գյուղացիները դիմել են և երկուշաբթի օրը միայն պարզ կլինի կան նոր դեպքեր, թե ՝ոչ»։

Կնախարգելիչ միջոցառումների մասով գյուղապետն ասաց, որ պատվասում այդ հիվանդության դեմ չկա, միակ տարբերակը խնդրի դեմ պայքարելու՝ սպանդն է։

Նրա խոսքով՝ այս հիվանդությունը  հաճախ է կրկնվում, երկու տարի առաջ եղել է, դրա նախորդող տարին՝ ևս, սակայն այս անգամ մեծ աղմուկ առաջացավ։

«Միայն մեր գյուղում չէ խնդիրը։ Ամեն տեղ կա։ Սևան համայնքում մոտ 10 գյուղ կա, մի գյուղում ՝ շատ, մյուսում՝ քիչ, բայց խնդիրն ամեն տեղ կա։  Ուղղակի մեր գյուղում աղմուկ բարձրացավ։ Ամբողջ մարզում կա, երեկ նույնիսկ մեր անասնաբույժներից մեկն ասաց, որ Գորիս համայնքում էլ կա։ Տարիներ առաջ այսքան խիստ չի եղել վերահսկողությունը, որքան հիմա։ Հիմա սպանդից առաջ էլ նկարում են, QR կոդով են անասունները։ Նախկինում եղել են դեպքեր, երբ թաքցրել են ու սպանդի չեն ենթարկել, ավելի դժվար է եղել հիվանդության դեմ պայքարելը»,- ասաց նա։

Բացի դրանից, խնդրի մասին իրազեկվածությունն է ավելի բարձր, մարդիկ հասկանում են, թե իրենց լռությունը ինչ հետևանքների կարող է բերել։

«Ինքս 40 տարեկամ եմ, գյուղում եմ ծնվել, մեծացել, բայց շատ բան հիվանդության մասին վերջերս եմ իմացել։ Օրինակ՝ հիվանդ միսը մշակելու ժամանակ, եթե մարդու ձեռքին կտրված լինի, ապա կարող է վարակվել, պարտադիր չէ ուտել»,- հավելեց վարչական ղեկավարը։

Ամեն դեպքում , Չկալովկա  համայնքի վարչական ղեկավարը հայտարարեց, որ գյուղում կարանտին չկա, դեպի գյուղ ելումուտն ազատ է։

«Եթե կարանտին սահմանվեր, ապա առողջ կենդանի ունեցողն էլ իր ապրանքը չէր կարող իրացնել։ Այս դեպքում մեծ վնաս կհասցվեր գյուղացիներին»,- եզրափակեց նա։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder