Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երկուամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ չկան. ՔԿ
Մարմարիկ գետում այսօր հայտնաբերված երկուամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ վնասվածքներ չկան, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր 20-օրյա որոնումներից հետո ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ժամը 11։11-ին փրկարարները գետից դուրս են բերել Տ․ Պ․-ի (ծնված 2023 թ․) դին։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ։
Մայիսի 4-ին, ժամը 11։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակից 2 տարեկան երեխան կորել է (տան մոտակայքով հոսում է Մարմարիկ գետը). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մայիսի 4-24-ը որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել ընդհանուր 1591 փրկարարական ծառայող և ոստիկանության շուրջ 800 ծառայող։