Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ». Երկուշաբթի՝ «գնում ենք Եվրամիություն», երեքշաբթի՝ «չէ՛, չենք գնում»...
«Փաստ» թերթը գրում է.
«Փաշինյանի գլխավորած իշխանության վարած արտաքին քաղաքականությունը, եթե այն կարելի է այդպես անվանել, այս ընթացքում մի շարք բնորոշումների է արժանացել ամենատարբեր փորձագետների, քաղաքագետների կողմից: Տպավորված բնորոշումների շարքում կարելի է առանձնացնել «երկու աթոռի վրա նստելը» կամ «լարախաղացությունը»:
Փաշինյանի նման երերումների ցայտուն դրսևորումներից մեկը, այսպես ասած, «դեպի Եվրամիություն» ընթանալու ուղեգիծն է, որը նա ու իր թիմը ջանում են մեկտեղել Եվրասիական տնտեսական միության մեջ մնալու և «ռեէքսպորտային» եկամուտներ «բռնելու» հետ: Տարիներ շարունակ դրա վրա մի ամբողջ քարոզչաքաղաքական դղյակ են կառուցել: Պետք է նկատել՝ ավազե «դղյակ»: Ավազե, այո: Բայց տապալումը դղրդյունով էր: Դա օրերս տեղի ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի երևանյան համատեղ ասուլիսում: Արարատ Միրզոյանն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միության անդամակցության հայտ չի ներկայացրել, այդ ուղղությամբ բանակցություններ չեն վարվում»:
Ահա և վերջ: Բայց այստեղ մի շարք նոր հարցեր են ծագում. օրինակ՝ այն ո՞վ էր, ավելին՝ այն ովքե՞ր էին և ովքե՞ր են, որ տարիներով կոշտուկում էին հանրության լսելիքը, շոյում մարդկանց նուրբ հույզերը, թե՝ «տեսեք, հեսա մտնում ենք Եվրամիություն, քիչ մնաց»: Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանն ու նրա թիմակիցները ինչպես էին փախցնում հանրության մի մասի հույզերը, թե՝ կգնաք Միլան, մի գավաթ սուրճ կըմպեք, կգաք, ինչ վիզա, ինչ բան...
Եթե ի մի բերենք Փաշինյանի ու նրա իշխանության մոտեցումը, ապա, բացի այն, որ անհարմար ու տհաճ բան է ստացվում, նաև այսպիսի գրոտեսկային պատկեր է ձևավորվում. երկուշաբթի՝ «գնում ենք Եվրամիություն», երեքշաբթի՝ «չէ՛, չենք գնում»... ուրբաթ՝ «վա՜յ, ախր, էդ ե՞րբ ենք ասել, թե գնալու ենք...»: Նման իշխանությանը ո՞վ կարող է լուրջ վերաբերվել կամ լուրջ ընդունել:
Բայց չարաչար սխալվում են նրանք, որ կարծում են, թե՝ վերջ, այս շրխկան բացահայտում-մերկացումով հարցը փակվեց: Այդպես կարծողները երևի լավ չեն ուսումնասիրել Փաշինյանի գործելաոճը: Առաջիկա ընտրությունների շեմին (արտահերթ, հերթական՝ կարևոր չէ) Փաշինյանն ու ՔՊ-ն էլի ու էլի են խաղացնելու «Եվրամիությանն անդամակցելու», այսպես ասենք, քարոզչական գազարը: Կփորձեն համենայն դեպս: Չնայած, նրանց երևի պետք է հուշել, որ «շպագատ» անելիս ծանր վնասվածք ստանալու հավանականությունը սարսափելի մեծ է... Ու ցավոտ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։