Ինձ համար ամենամեծ ցավը Արցախի հանձնելն ու ուրանալն է՝ էլ ինչի վրա պիտի զարմանալ. Բագրատ սրբազան
Հասարակություն
14:39 30/05/2025
Հայաստան

Ինձ համար ամենամեծ ցավը Արցախի հանձնելն ու ուրանալն է՝ էլ ինչի վրա պիտի զարմանալ. Բագրատ սրբազան

«Երևույթը նոր չէ, այլ երևույթի դրսևորման կերպն է նոր, որն ուղղակիորեն արտահայտում է այն բուն էությունը, պատկերը, որ այս մարդիկ ունեն իրենց մեջ՝ հայհոյախառը խոսքերով, Վեհափառ հայրապետին «գլխավոր հոգևոր մաֆիոզ» անվանելով»,- 168.am-ին տված հարցազրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Սրբազանը նկատեց, որ դեռ տարիներ առաջ է ասել, որ ներկա իշխանությունները փողոցից տուն չեն եկել և չեն պատկերացնում, թե ինչ վարքագիծ պետք է ունենան։

 «Շատ հետքրքիր և դիպուկ զուգահեռ են անցկացնում Փաշազադեի և Փաշինյանի միջև, հավանաբար ծրագրավորված որոշակի հարձակման մասին է խոսքը, համատեղ ծրագված»,- արձագանքելով հարցազրուցավար Սաթիկ Սեյրանյանի դիտարկմանը՝ հայտարարեց Բագրատ Սրբազանը և նշեց, որ այն իր առաջին ենթադրությունն է։

Նկատելով, որ Փաշազադեն հայտարարում էր, որ Հայ եկեղեցին սպառնալիք է Ադրբեջանին՝ Բագրատ սրբազանը ենթադրեց, որ միգուցե հրահանգ են տվել Փաշինյանին այդ խոսույթին համապատասխան վարք դրսևորել այստեղ՝ Հայաստանում, նաև թիրախ դրաձնել մեր ինքնության, արժեքների պաշտպանության իմաստով վերջին խրամատը՝ եկեղեցին։

 Սրբազանի խոսքով՝ զարհուրելի է Փաշինյանի և նրա տիկնոջ բառապաշարը, որոնք խոսում են կրթության մասին և այդ բառապաշարով օրինակ են ծառայում։

 Սրբազան շարժման առաջնորդը հիշեց, որ երբ տարիներ առաջ մի անձնավորություն բարձրանում էր Էջմիածնի Մայր տաճարի գմբեթի վրա, որպեսզի սղոցի խաչը և դրա փոխարեն դնի երկաթյա վարդ, որը մասոնական սիմվոլ է՝ մտածել են, թե նա հոգեկան շեղում  ունի, կամ համուզմունքի հարց է, բայց հետագա գործողությունները ցույց տվեցին, որ այն ՀՀ գործող իշխանությունների կողմից ծրագրավորված ընթացք է։

Բագրատ Սրբազանը նկատեց, որ եկեղեցու դեմ արշավը սկսվեց այն օրերին, երբ Շվեյցարիայում ընթանում է համաշխարհային եկեղեցական ժողով, որին մասնակցում և միակ բանախոսը Հայոց կաթողիկոսն է, ով բարձրացնում է Արցախում հոգևոր մշակութային ժառանգության, վանդալիզմի հարցերը։

 «Այնուհանդերձ, մեր համար ավելի սարսափելի ցավ է հայրենիքի հանձնելու մասին չխոսելը և անցնելն այս թեմաներին, երբ Արցախ է հանձնվել, երբ այսքան զոհերի և նահատակների միջով ենք անցել, այսքան վիրավորներ, ավերներ կորուստներ, հայրենիքի անկյունները զիջել, նահատակների ծնողներին քարշ տալով... Այսինքն, բոլոր արժեքները՝ ինչ  հնարավոր է։ Իմ համար ամենամեծ Արցախի հանձնումն ու ուրացումն է, որ տեղի է ունեցել։ Սրանից հետո ինչի վրա մենք պետք է զարմանանք, ինչու պետք է զարմանանք, որ էս մարդիկ այդպիսին են։ Մեզ միայն մի բան է մնում ժամ առաջ հեռացնել սրանց և վերջացնել այս հարցը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder