Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աբսուրդ է, իմ կյանքի ընթացքում այդքան գումար չեմ աշխատել․ ԶՊՄԿ-ի նախկին աշխատակիցը՝ իր դեմ ներկայացված հայցի մասին
«Կարծում եմ՝ դա արվում է այն բանի համար, որպեսզի մնացած աշխատակիցների համար այսպես ասած՝ դաս լինի և չփորձեն ինչ-որ բողոքի ձայն հանել, դժգոհություն արտահայտել։ Ուզում են ցույց տալ ՝ տեսե՛ք, մենք պատժում ենք, ոչ միայն աշխատանքից ենք հեռացնում, այլև այսպիսի ծանր հետևանքներ կլինեն»,- այս մասին panorama.am-ի հետ զրույցում , խոսելով իրենց դեմ ներկայացրած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից ներկայացված հայցից, ասաց կոմբինատի նախկին աշխատակից Շավարշ Մարգարյանը։
Նշենք, որ օրերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 4 758 480 000 (չորս միլիարդ յոթ հարյուր հիսունութ միլիոն չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամի պահանջով դիմել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ 2025թ․հունվարի 31-ից փետրվարի 11-ը գործադուլին մասնակցած և այդ պատճառով աշխատանքից ազատված Շավարշ Հովհաննեսի Մարգարյանի, Վահե Սամվելի Մխիթարյանի, Տիգրան Արշամի Աթայանի, Կարեն Մարութի Արշակյանի, Կարեն Արկադիի Անդրեասյանի, Գոռ Վրեժի Բաբաջանյանի, Վահե Վրեժի Բաբաջանյանի, Արթուր Վրեժի Բաբաջանյանի (պատկերացրեք այդ գումարի չափը և ութ սովորական քաղաքացիներին)։
Ըստ Մարգարյանի՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունն այս քայլով փորձում է լռեցնել նաև իրենց իրավունքների համար պայքարող աշխատանքից ազատված քաղաքացիներին։
«Նրանք ուզում են իբրև ցույց տալ, թե ԶՊՄԿ-ի հետ կատակ անել չի կարել։ Սա արվում է նաև մեզ համար։ Դե պարզ է՝ մենք էդ գումարները չենք վճարելու»,- ասաց մեր զրուցակիցը՝ շարունակելով խոսել իրենց նկատմամբ իրականացվող ճնշումներից․
«Առնվազն մեր գյուքի վրա կալանք է դրված։ Ընկերներիցս մեկը ցանկանում էր տունը վաճառել, չկարողացավ, քանի որ գույքը կալանքի տակ էր։ Այսինքն՝ մեր առջև կան արդեն ստեղծված խնդիրներ, բայց դա մեզ չի ճնշում, հակառակը՝ ապացույց է, որ պետք է շարունակել պայքարը։ Ես ոչ թե այդ 5 մլդ-ը պետք է իրենց տամ, այլ իրենք ինձ պետք է փոխհատուցեն»։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 31-ից մինչև փետրարի 11-ը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները իրականացնում էին գործադուլ՝ պահանջելով աշխատանքային, բնապահպանական, առողջապահական ապահովագրության պայմանների բարելավում և աշխատավարձերի բարձրացում։ Ինչի համար էլ 8 աշծատակցի կոմբինատի ղեկավարությունն անօրինական հեռացրել է աշխատանքից։ Նրանք վստահ են, որ կոմբինատն անօրինական ճանապարհով է իրենց հեռացրել աշխատանքից և յուրաքանչյուր իր աշխատանքային իրավունքը վերականգնելու համար դեռևս ապրիլի սկզբին դիմել է դատարան։ Շավարշ Մարգարյանը տեղեկացրեց, որ երկու դատական լսում արդեն կայացել է։
«Դատավորը փորձում էր հաշտության եզրեր գտնել, որպեսզի փոխհատուցումով ավաևտվրի ամեն բան։ Մենք մնում ենք մեր պահանջին, կոմինատն էլ դեմ էր հաշտությանը։ Հիմա ապացուցողական փուլն է, կարծում եմ՝ հուլիսին կավարատվեն դատական պրոցեսները»։
Հարցին,թե աշխատակիցներն ի վիճակի կլինեն յուրաքանչյուրը կես մլդ-ից ավելի գումար վճարելու, եթե դատարանը հօգուտ կոմբինատի որոշում կայացնի, Մարգարյանն ասաց․
«Աբսուրդ է։ Ես , իհարկե, կուզենամ այդքան գումար ունենալ, բայց իմ կյանքի ընթացքում այդքան գումար չեմ աշխատել»։
Աշխատանքից ազատված քաղաքացիները համոզված են, որ վերականգնվելու են իրենց աշխատանքին։
«Պատրաստվում եմ դատական կարգով հաղթել ու վերականգնել աշխատանքս։ Հույս ունեմ, որ տարբեր հանրային ճնշումների արդյունքում, որոնք իրականացվում են Կառավարության ուղղությամբ, կկայացվեն ԶՊՄԿ-ի ղեկավարությանը փոխելու որոշում։ Այս ղեկավարության հետ մենք չենք կարողանալու աշխատել, դա դատարանում իրենք էլ են պնդել։ Նույնիսկ, եթե իրենց կայացրած որոշումն ապօրինի է , ոչ իրավաչափ, պատրաստ են փոխհատուցումը տալ, բայց չաշխատել մեր հետ, որովհետև կա լարվածություն։ Ճիշտ են ասում, չեմ ժխտում, մեր մեջ կա այդ լարվածությունը, դրա համար հույս ունեմ՝ մինչև դատական նիստերի ավարտը կփոխվի կոմբինատի ղեկավարությունը ու մենք հանգիստ կգնանք աշխատանքի»,- ասաց նա։
Ընդգծենք՝ ընկերության բաժնետեր է հանդիսանում նաև ՀՀ կառավարությունը՝ մոտ 21% բաժնեմասով։
Ի՞նչ մասնակցություն ունի այս բոլոր գործընթացքում Կառավարությունը, Մարգարյանի խոսքով ՝ տեսնում են միայն անգործություն։
«Ես զգում եմ՝ կառավարության անգործությունը, ինչն ինձ համար մտահոգիչ է։ Երբ ասում են, թե չեն կարող «խառնվել» այս գործընթացին, ապա մենք՝ քաջարանցիներս, 2021թ․-ին տեսել ենք, թե ինչպես է կառավարությունը «խառնվում», երբ կառավարության ցուցումով 38 հոգու ազատեցին աշխատանքից։ Կառավարությունը 21 տոկոս բաժնեմաս ունի, կարող է արտահերթ ժողով հրավիրել և քննարկել այս հարցը, որ ոչ թե մարդկանց պետք է հեռացնել, այլ հարցերը լուծվեն ։ Աշխատակիցների նկատմամբ խտրական վերաբերումնքէ, խնդիրների մասին բարձրաձայնելու համար մեզ հեռացրել են աշխատանքից, փոխանակ դրանք լուծեն»։
ԶՊՄԿ-ի նախկին աշխատակիցն արդարություն է պահանջում ու գործընկերների հետ շարունակելու է պայքարել դրա համար։
«Հանրային ճնշում է պետք։ Սա միայն մեր խնդիրը չէ։ Հայաստանի այլ հատվածներում էլ կան խնդիրներ, բայց եթե տեսնում են, որ բարձրաձայնելու համար բարձրաձայնվողը պատժվում է, ապա երբեք չեն խոսի։ Մեր դեպքը պետք է օրինակ լինի մարդկանց համար։ Այս պատճառով խնդրում եմ ակտիվ քաղաքացիներին ՝ իրենց խոսքով ու գործով ազդեն Կառավարության վրա»,- եզրափակեց Մարգարյանը։