Ալեն Սիմոնյան. «դոմփել» բառը՝ հա, ինչու չեմ կրկնի
Քաղաքական
14:42 05/06/2025

Ալեն Սիմոնյան. «դոմփել» բառը՝ հա, ինչու չեմ կրկնի

«Չեմ կարծում, որ հայհոյանք է եղել»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝  անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառումներին ուղղված  հոգևորականներին։

Հարցին՝ կարո՞ղ է արտաբերել  Փաշինյանի գրած բառը, նա նշեց. ««Դոմփել» բառը... Հա, ինչու չեմ կրկնի։

Հայհոյանք  բառն ունի իր բացատրությունը»։

Նա նշեց, որ տեղի է ունենում այն, ինչի մասին բազմիցս ասել է․ հակառակ կողմն անցնում է գծեր։ 

«Չեմ խոսում այն մասին, որ եկեղեցի արդեն բացահայտ հայտարարել է, որ կուսակցական դեր է ստանձնել, չեմ խոսում Բագրատ Սրբազանի մասին, նույնիսկ դրանից հետո Աջապահյանի մեկնաբանությունները նայեք, վարչապետի հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքները նայեք, ինչո՞ւ եք մի մասը տեսնում, մյուս մասը չեք տեսնում։

Եկեք հայտարարենք, որ այլևս կուսակրոնություն չկա։ Ես որպես քրիստոնյա մարդ որևիցե ձևով չեմ կարող հասկանալ, թե ինչու եմ գնում այդ մարդկանց մոտ։ Օրինակ, մարդիկ կան՝ ձեռքն են համբուրում, հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ձեռքը դրանից առաջ որտե՞ղ էր, արժե՞ այդ ձեռքը համբուրել, թե՞ չարժի։

Եկեք հասկանանք, մարդը, ով պատվիրաններից է խոսում, ինձ է քննադատում, ուրիշ մեկին, խոսում է երկրի բարոյական ու քաղաքական ապագայի մասին, բա չիմանա՞նք, լավ ո՞նց է լինում՝ ուրիշներին կարելի է, մյուսներին չի կարելի»։

Սիմոնյանը նաև նշեց. «Կաթողիկոսը, Արշակ Սրբազանը, էն մյուս Սրբազանը եկեղեցին չեն։ Իրենց խաբել են, որ իրենք եկեղեցին են, իրենք հավատացյալների ու Աստծու ծառաներն են։ Իրենք մոռացել են, որ իրենք ծառա են, մտածում են, որ իրենք գողական են, հարց լուծող են, քավոր են, բիզնեսմեն են»։

«Հայ Առաքելական եկեղեցու վրա ոչ մեկ չի կարող հարձակվել, ոչ մեկ չի հարձակվում։ Կան կասկածներ, որ կոնկրետ անհատների վարքն և բարեվարքությունը Հայ Առաքելական եկեղեցու գցում են։ Հայ Առաքելական սուրբ եկեղեցին քրիստոնյաների, հայ ժողովրդի ամենակարևոր կառույցն է»,- ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder