Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կարծում եմ՝ կպատասխանեն, եթե իրենք չպատասխանեն, մենք կպատասխանենք։ Այս խոսակցությանն ավարտն այլ կերպ չի կարող լինել, քան այդ հարցի պարզաբանումը»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, որ ամեն օր Նիկոլ Փաշինյանը հարցադրում է անում ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ «եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս», պատասխան չկա, ի՞նչ են անելու, եթե չպատասխանեն։
Նա շարունակեց. «Կամ պետք է պարզ լինի, որ նման բան չկա, այդ պարագայում խոսակցությունը շարունակելու կարիք չի լինի, կամ մարդը պետք է բարձրաձայն ասի՝ կա նման բան, թե ոչ։ Պետք է կոնկրետ ինչ-որ պատասխան լինի, որ չգնանք, ընկնենք Լեո փողոցի վրա, դեղատուն գտնենք, ասենք՝ էս ում դեղատունն է։ Չգիտեմ, ինչ-որ պայմանական բան եմ ասում։
Եթե նման բան կա, բա պետք է հեռանա։ Կարող է կուսակցություն բացի, ամուսնանա, երեխաներ ունենա, թոռներին մեծացնի»։
Անդրադառնալով Փաշինյանի մեկ այլ գրառմանը, որ Կաթողիկոսի ընտրության հարցում Հայաստանը պետք է վճռորոշ դեր ու ձայնն ունենա, ի՞նչ է նշանակում, Սիմոնյանը պատասխանեց. «Վարչապետի բոլոր հայտարարությունները լիակատար կիսում եմ, բոլոր գրառումների, բոլոր ստորակետների հետ համաձայն եմ, կիսում եմ դրանց պատասխանատվությունը։
Ենթադրում եմ օրենսդրական, դրա մասին չենք խոսել, չենք քննարկել։
Չեմ բացառում, որ Սահմանադրության մեջ, եթե նման փոփոխություն լինի, այդ հարցը ևս այլ կերպ է ներկայացված լինելու, որովհետև Հայաստանը խղճի ազատություն դավանող երկիր է, և, կարծում եմ, եթե ինչ-որ կրոնական կառույց ունենում է հատուկ կարգավիճակ, նշանակում է՝ պետությունը նույնպես պետք է դրա մեջ ունենա մասնակցություն, առնվազն՝ այդ կառույցը թափանցիկ դարձնելու համար։ Թափանցիկ, այլ բանի մասին չեմ խոսում»:
Հարցին՝ Վեհափառի ընտրությա՞մբ, Սիմոնյանը պատասխանեց. «Չեմ բացառում»։
Հարցին՝ արդյո՞ք իշխանությունն ունի «իր սրտի Կաթողիկոսին», տպավորություն կա, որ իշխանություններին քննադատող հոգևորականներից ուզում են ազատվել, նա պատասխանեց. «Եթե մենք ցանկություն հայտնենք, այն հոգևորականները, որոնք մեզ այսօր քննադատում են, մեծ հաճույքով կդառնային մեր խոսնակները, փաստաբանները, ծառաները, մեզ գովերգողները»։