Պիպոյան. Այնպես չի, որ ձեռներս փող է ընկել, գնանք ավտոշուկայից մի «Օպել» առնենք, տրոլեյբուսի գնումները ենթադրում են բանակցություններ, մրցույթներ
Հասարակություն
12:43 05/06/2025
Հայաստան

Պիպոյան. Այնպես չի, որ ձեռներս փող է ընկել, գնանք ավտոշուկայից մի «Օպել» առնենք, տրոլեյբուսի գնումները ենթադրում են բանակցություններ, մրցույթներ

«Ես ամիսներ առաջ դեռ ահազանգել էի, որ հանրային տրանսպորտի տոմսերի գումարների հետ կախված խնդիր ենք ունենալու և կանգնելու ենք փաստի առաջ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ արձագանքելով քաղաքապետարանի թերհավաքագրումների մասին հայտարարությանը։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանի մամուլի խոսնակը երկու օր առաջ հայտարարեց. «Ուղեվարձը չվճարելու ակցիաների հետևանքով, մենք ունենք մի իրավիճակ, երբ Երևանի քաղաքապետարանն այս տարի նախատեսել էր ձեռք բերել շուրջ 45 տրոլեյբուս, բանից պարզվում է, որ այդ 45-ից առնվազը 30-ը հնարավորություն չի լինելու առնել, որովհետև թերհավաքագրումները բերել են նրան, որ էդ գումարն որպես այդպիսին չկա»։

Հայկ Կոստանյանը չբացառեց, եթե թերհավաքագրումը նույն տեմպով շարւոնակվի, ապա չեն կարող գնել նաև 15 տրոլեյբուսը։

«Ես, իհարկե, հասկանում եմ, քաղաքականությունն այնպիսի բան է, որ կողմերը պետք է գնահատականներ տան իրենց հարմար պրիզմայից, բայց իրականությունն այլ է։ Երբ խոսում են ակցիաներից, շատ լավ կլինի հիշեն իրենց ակցիաները, երբ հունվար-փետրվար ամիսներին ասում էին, ձեռք բերեք փաթեթ, կստանաք մեկ ամսվա փաթեթ նվեր։ Պարզ է, չէ՞, այն մարդիկ, որ այդ նվերը ստացել են, մի ամբողջ ամիս օգտվել են տրանսպորտից ու վճարում չեն կատարել։ Դա նշանակում է, որ մուտքերի ահռելի բաժին այս ակցիայի հետևանքով չի լինելու։ Հիմա սեփական աչքի գերանը թողած ուրիշի աչքի փուշը տեսնելը, մեղմ ասած, ազնիվ չէ»,-ասաց ՀԿ նախագահը։

Քաղաքային իշխանության կողմից նախաձեռնած «բարեփոխումների» մեկնարկից ի վեր Բ. Պիպոյանն ահազանգում է՝ քաղաքապետարանում չեն հասկացել մի պարզ բան, երբ միջազգային խորհրդատուն գծել է մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը, հաշվի է առել, որ միայն վերգետնյա տրանսպորտով 613 հազար ուղևորափոխադրում է  եղել։

«Ավելին, միջազգային իրավախորհրդատուն մշակել է այնպիսի ցանց ու սահմանել է այնպիսի շարժակազմեր, որ տրանսպորտային բարեփոխում տեղի ունենա, այսինքն մարդիկ ավելի շատ օգտվեն տրանսպորտից։ Քաղաքային իշխանություններն այս պարզ բանը չհասկացան, չհասկացան նաև, եթե 100 մարդ վճարում է 200 դրամ և 200 մարդ վճարում է 100 դրամ, նույն գումարն է հավաքվում։ Իրենք այնպես են անում, որ մարդիկ չօգտվեն տրանսպորտից, և ոչ թե մարդկանց հոսքը դեպի հանրային տրանսպորտ ավելանա»,-մանրամասնեց փորձագետը։

Նա ընդգծեց՝ քաղաքային իշխանություններն իրենց անգործությունը, սեփական սխալները փորձում են արդարեցնել այլ բաներով։

«Կամայական գնաճ պետք է արժանանա դիմադրության, ավելին մեր երկրում այն շատ քիչ է դիմադրության արժանացել։ Իրավունք չունեին փոփոխություններ անողները չկանխատեսել, որ դիմադրության հետևանքով մուտքեր չեն լինելու։ Հիմա խաբել ու ասել, դուք չվճարեցիք, մենք տրոլեյբուսը չենք առնելու, ազնիվ չի, ավելին, իրականությանը չի էլ համապատասխանում։ Այնպես չի, որ ձեռներս փող է  ընկել, գնանք ավտոշուկայից մի «Օպել» առնենք, նմանատիպ գնումները բանակցություններ են, ընթացակարգեր են, մրցույթներ են, չես կարող որպես համայնք բանակցություններ վարես, կեսից զանգես, ասես, տղեք, գիտե՞ք, ձեռս փող չկա, չեմ առնում։ Չի լինում, այդպես»,-շարունակեց սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող ՀԿ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder