Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իմպիչմենտի գործընթացը ձախողվելու է, հանգիստ պատրաստվում ենք 2026-ի ընտրություններին, հաղթելու ենք 50+1 ձայներով. Խուդաթյան
«Դա իրենց իրավունքն է, կարող են անել այն, ինչ ուզում են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման նախարար նախագահ Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին և Մասիս համայնքի ղեկավար, Հայաստանի Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Դավիթ Համբարձումյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։
Նա նշեց, որ բազմաթիվ թեկնածուներ են առաջադրել՝ ընդդիմության տարբեր ժամանակների կարկառուն ներկայացուցիչներ, իրենց ձախողումից հետո նաև, պայմանական ասած, կարկառուն հոգևորականներ, որոնք զբաղվում են քաղաքականությամբ։
«Հիմա էլ առաջադրում են համայնքային պաշտոնյաների։ Մենք, որպես կառավարող մեծամասնություն, մտահոգություն չունենք «Հանրապետականի» այս կամ այն առաջադրումների մասով։ Մենք վստահ ենք, որ իմպիչմենտի գործընթացը ձախողվելու է։ Հանգիստ պատրաստվում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին այն վստահությամբ, որ խորհրդարանական ընտրություններին ունենալու ենք ճնշող առավելություն՝ այն է հաղթանակ 50+1 ձայներով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Գյումրիում և Փարաքարում կայացած ընտրություններին ու իշխանությանը թեկնածուների պարտությանը, Դ. Խուդաթյանը նշեց, որ դրանք մեծ հաշվով ՏԻՄ ընտրություններն էին, քաղաքական առումով մտահոգություն չունեցող ընտրություններ են իրենց համար։
«Մարդիկ ավելի շատ անձով պայմանավորված ընտրություններ են կատարել։ Պիտի ասեմ, որ դրանով էր պայմանավորված նաև Գյումրիում մեր թեկնածուի առաջին տեղը։ Այո, ձայների թիվը բավարար չի եղել, և ընդդիմությունը կարողացել է կոալիցիա կազմելով՝ Գյումրիում իշխանություն ձևավորել։ Բայց դրանք տեղային ընտրություններ են, բայց դրանք տեղայի ընտրություններ են, հենց այդ տեղային լինելու տրամաբանությունը ապացուցվում է մի պարզ փաստով. նույն քաղաքական ուժը նույն օրը կայացած ընտրություններում, ընդամենը 80 կիլոմետր հեռավորության, կարող է մի վայրում հավաքել 57 տոկոս ձայն, իսկ մյուս վայրում՝ ընդամենը երեք տոկոս և նույնիսկ չհաղթահարել շեմը։ Խոսքը «Ապրելու երկիր» կուսակցության մասին է։ Սա գալիս է ապացուցելու, որ դրանք անձով պայմանավորված ընտրություններ են, և մենք այստեղ մտահոգություն չունենք։ Առավել ևս՝ ես վստահ եմ, որ դուք էլ չեք կարծում, թե 2026 թվականի ընտրություններին, Գյումրիի օրինակով, Հանրապետությունում կոմունիստական կուսակցությունը կարող է ստանալ 20 և ավել տոկոս ձայն։ Այսինքն՝ այստեղ ևս մտահոգվելու ոչինչ չունենք»,- ասաց Դ. Խուդաթյանը։