Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պաղպաղակների խախտումների վերաբերյալ ՍԱՏՄ հաղորդագրություններն ավելի շատ հարցեր են առաջացրել, քան պատասխաններ տվել
Պաղպաղակ արտադրող ընկերություններում իրականացվող վերահսկողության շրջանակում լաբորատոր փորձաքննություններն ու դրանց՝ ՍԱՏՄ հրապարակած արդյունքները քաղաքացիների մոտ ավելի շատ հարցեր, մտահոգություններ են առաջացրել, քան պատասխաններ տվել։
Այսպես, կիրակի Panorama.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին հայտնեց՝ Աբովյան փողոցի «Գուրմենիա» սուպերմարկետում «Փինկ Բերրիի» խախտումներով արտադրված պաղպաղակները շարունակում են վաճառվել։ Քաղաքացին խանութում արված լուսանկար էր նաև ուղարկել։ Երրորդ մասի խանութներում էլ մեկ այլ քաղաքացի «Գրանդ քենդի» ընկերության պաղպաղակներ էր տեսել։
Երբ Panorama.am-ը քաղաքացու ահազանգը փոխանցեց ՍԱՏՄ-ին՝ հետաքրքրվելով, թե ինչպե՞ս է հնարավոր, որ հետ կանչված ապրանքը դեռևս վաճառվի, տեսչական մարմնից արձագանքեցին՝ ո՞ր խմբաքանակն է բայց։ Գլխավոր հարցն էլ այն է, որ մարդկանց տեսչական մարմինը չի իրազեկել, թե ո՞ր խմբաքանակներից է նմուշառում իրականացվել, ո՞ր խմբաքանակներում է խախտումներ հայտնաբերել։ Հետևաբար, սպառողն ինչքան էլ հետևողական ու ուշադիր լինի, չի կարող տարբերել՝ խանութում վաճառվողը խախտում ունեցող, վտանգավոր խմբաքանակի՞ց է, թե՞ ոչ։
ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանն ասաց՝ պաղպաղակի շուկայի ուսումնասիրությունների վերաբերյալ հաղորդագրություններում խմբաքանակները չեն նշվել շտապելու հետևանքով, փորձաքննության ենթարկվել են 12 ընկերությունների կողմից ապրիլ-մայիս ամիսներին արտադրված պաղպաղակները։
Հիշեցնենք, որ լաբորատոր փորձաքննության են հանձնվել 12 արտադրամասերից վերցված պաղպաղակի նմուշներ, արդյունքում խախտումներ ու մանրէաբանական ցուցանիշներով՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ անհամապատասխանություններ են հայտնաբերվել 10 ընկերությունների արտադրանքներում։ Տեսչական մարմինը հայտարարել է, որ արտադրատեսակների համար տրվել են իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։
Մի քանի դեպքերում արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Խախտումներով արտադրատեսակների համար տրվել են իրացումն արգելելու շուկայից հետ կանչելու ոչնչացնելու կամ օգտահանելու կարգադրագրեր։
ՍԱՏՄ մամուլի խոսնակն ընդգծեց՝ հետկանչի ժամկետը որոշվում է տնտեսվարողի հետ միասին, հիմնականում ժամկետը սահմանվում է 10-15 օր։
«Որևէ օրենքով ետկանչի սահմանված ժամկետ չկա, այն կապված է արտադրանքի խմբաքանակի ծավալի հետ։ Միշտ տնտեսվարողն ինքն է ասում, թե այս ծավալի ապրանքն ինչքան ժամկետում հետ կհավաքի։ Առավելագույնը լինում է 10-15 օր է»,-ասաց Անուշ Հարությունյանը։
Պաղպաղակ արտադրող ընկերություններից մեկն արդեն տեղյակ է պահել ՍԱՏՄ-ին, որ խանութներից հավաքել է խախտումներով արտադրանքը։ ՍԱՏՄ խոսնակն ասում է՝ տնտեսվարողի խոսքը ստուգելու հնարավորություն չունեն, չեն կարող խանութ առ խանութ անցնել՝ ստուգելու արդյոք ողջ խմբաքանակն է հետ կանչվել։
«Ուրիշ տարբերակ չունենք, մենք հիմվում ենք մարդկանց արձագանքի վրա, եթե մնացած է լինում տվյալ խմբաքանակից, մարդիկ զանգում, ասում են»,-ասաց Ա. Հարությունյանը։
Ու քանի որ խմբաքանակները չեն հայտարարվել, ՍԱՏՄ-ն քաղաքացիների վրա հույս դնել չի կարող, նրանք տեսչական մարմնին բողոք ուղղելու հնարավորությունից զրկված են։ Ավելին, հնարավոր է, որ լաբորատոր փորձաքննության ենթարկված պաղպաղակների ողջ խմբաքանակը վաճառված, սպառված լինի։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով, իրականացվել է ոչ պրոֆեսիոնալ աշխատանք, չի կատարվել ռիսկի հաղորդակցում, կառավարում, ինչը պարտադիր ենթադրում է խմբաքանակի վերաբերյալ տեղեկություն։
«2-րդ դասարանի երեխան կարող էր ցանկացած պաղպաղակի լաբորատոր փորձաքննություն պատվիրել, իսկ նրա 5-րդ դասարանցի քույրն էլ արդյունքների մասին ստատուս գրել ֆեյսբուքում։ Այս պահին ՍԱՏՄ-ի արածն այդ հարթությունից վեր չի բարձրացել, արել են 2-րդ դասարանցու մակարդակի գործ և ցանկանում են, որ հասարակությունն իրենց ծափ տա, բայց հասարակությունը կարող է պարսավանքի ենթարկել վատ արտադրողին ու արտադրողի այսօրվա վիճակի համար մեղավոր վատ վերահսկողին։ Նրանք պետբյուջեից գումար են ստանում, որ կատարեն մասնագիտական ճիշտ աշխատանք»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պիպոյանը՝ ընդգծելով, որ տեսչական մարմնի հաղորդագրությունը չի տվել շատ հարցերի պատասխաններ։
ՍԱՏՄ հաղորդագրություններից պարզ չէ, թե որն է եղել պաղպաղակներում մանրէների առկության պատճառը՝ արտադրությունում առկա վատ սանիտարական վիճա՞կը, թե՞ հումքում առկա վատ վիճակը, բացի այդ պետք է լինի խմբաքանակների վերաբերյալ հստակ տեղեկատվություն, խախտումը հայտնաբերվել է մե՞կ օրվա, թե՞ երեք օրերի խմբաքանակներում, թե՞ այդ բոլոր խմբաքանակներում։
«Քաղաքացին ե՞րբ կարող է մասնակից լինել վերահսկողությանը, երբ տեսնի խոշոր ցանցերից հետկանչ է արվում, փոքր խանութում ինքը տեսնում է խախտումով պաղպաղակ, զանգում է՝ ասում ձեր աչքից վրիպել է։ Բայց քաղաքացուն նման հորդոր չի եղել, հետևաբար ՍԱՏՄ զանգելու տրամաբանությունն էլ չի գործում, քանի որ խոշոր ցանցերում շարունակում են վաճառել այդ պաղպաղակը։ Հետկանչի կարգադրագիր ես տվել, գնա հսկի, որ պահանջները պատշաճ կատարվեն։ Ուշագրավ է, որ ՍԱՏՄ-ն օրենքներում միշտ գտնում է այն դրույթները, որոնք որոշակի սահմանափակումներ են նախատեսում, ոչ թե այն հոդվածները, որոնք հնարավորություններ են տալիս, եթե հնարավորություն փնտրեն, կգտնեն, թող ցույց տան օրենքում տող, որ կարգադրագրի պահանջների նկատմամբ վերահսկողությունն անելն արգելվում է»,-ասաց ՀԿ նախագահը։