Ազգերի լիգայի եզրափակչի ժամանակ երկրպագուն ընկնել է տրիբունայից և մահացել
Սպորտ
11:43 09/06/2025
Աշխարհ

Ազգերի լիգայի եզրափակչի ժամանակ երկրպագուն ընկնել է տրիբունայից և մահացել

Ազգերի լիգայի Իսպանիա-Պորտուգալիա եզրափակիչ խաղի ժամանակ մարզադաշտի վերին յարուսից ընկնելու հետևանքով երկրպագու է մահացել։ Այս մասին հայտնում է Independent-ը՝ հղում անելով Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) աղբյուրին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամեն ինչ տեղի է ունեցել լրացուցիչ ժամանակում։ Երկրպագուն վերին հարկից ընկել է լրագրողների նստատեղերի վրա, շտապօգնության ծառայություններն արագ արձագանքել են, սակայն նրանց չի հաջողվել փրկել տղամարդուն։

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն խաղից անմիջապես հետո ցավակցություն է հայտնել հանգուցյալի ընտանիքին։

«Մինչ դուք կսկսեք հարցեր տալ, ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել, քանի որ այսօր տրիբունաներում երկրպագու է մահացել, ցավակցում եմ ընտանիքին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա։

Գերմանիայի «Մյունխեն Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է Պորտուգալիայի հավաքականի հաղթանակով։ Հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով, լրացուցիչ ժամանակում ֆուտբոլիստները չկարողացան գրավել դարպասը, իսկ հետխաղյա 11 մետրանոցների շարքում ավելի դիպուկ էին պորտուգալացիները՝ 5:3։ Պորտուգալիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց Ազգերի լիգան։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder