Եթե հրաժարվում ենք միջազգային հայցերից, ստացվում է, որ լեգիտիմացնում ենք ադրբեջանական ձեռքբերումները. Սիրանուշ Սահակյան
Իրավունք
15:11 09/06/2025
Հայաստան

Եթե հրաժարվում ենք միջազգային հայցերից, ստացվում է, որ լեգիտիմացնում ենք ադրբեջանական ձեռքբերումները. Սիրանուշ Սահակյան

Ադրբեջանի պարտադրանքով, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրում ամրագրվեց դրույթ, համաձայն որի, կողմերը միջազգային դատարաններից հետ են վերցնում իրենց հայցերը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե համաձայնագրի ցանկացած կետ պարտավորություններ է սահմանում երկու կողմի համար, միակողմանի չէ։ Արդյո՞ք այդ հայտարարությունը ճշմարիտ է, թե՞ հերթական անգամ կապիտուլյացիոն դրույթը բանակցային դրական արդյունք է ներկայացվում։ Վերոնշյալ հարցը «Panorama-հարցազրույցների» տաղավարում մեկնաբանեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

 Հարցազրույցում հնչեցված թեզերի երրորդ մասը՝ ստորև.

•Ադրբեջանը ներկայացնում  է կեղծ հայցեր հայելային պատկերով։ Այսինքը՝ Հայաստանը լինելով զոհ, ներկայացնում է խտրական քաղաքականության վերաբերյալ հայց և Ադրբեջանը, որի քաղաքացիները երբևէ ՀՀ-ի կողմից չեն ենթարկվել հետապնդումների էթնիկ պատկանելիության հիմքով, չեն սպանվել, չեն խոշտանգվել, հայելային կերպով, ներկայացնում է այս հայցը նույնաբնույթ մեղադրանքներ ներկայացնելով ընդդեմ ՀՀ-ի։

 •Միջազգային դատարանն ամբողջովին մերժեց ադրբեջանական առաջարկությունները, իսկ Հայաստանինն ընդունեց, արդյունքում՝ Հայաստանի 3 առաջարկություններից երկուսը համարեց հիմնավոր, որպիսի պայմաններում ադրբեջանական գանգատի ծավալը նվազեց։ Այսինքը՝ այս պահին 2/3-ով նրանց հայցապահանջներն արդեն իսկ անընդունելի են ճանաչվել և մեկ երրորդն է, որ ճանաչվել է ընդունելի։ Վստահ եմ, որ քննության շրջանակներում էլ այդ հայցը պետք է որ ամբողջովին մերժվի։ Ուստի առաջին նկատառումս այն է, որ ադրբեջանական հայցապահանջները հիմնավոր չեն։

 •Եթե մենք հրաժարվում ենք հայցերից, ստացվում է, որ մենք լեգիտիմացնում ենք ադրբեջանական ձեռքբերումները։ Այսինքը թույլատրելի ենք համարում Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ և ադրբեջանական զորքերի տեղակայումը Հայաստնի սուվերե տարածքում, որպես արդյուքն ընդունելի ենք համարում, որ Արցախն այլևս չի կարող ինքնավարություն ունենալ և արցախցիների վերադարձի իրավունք գոյություն չունի։

 •Այն որ Ադրբեջանը փորձում է ամեն գնով հեռանալ իրավական հարթակներից, մեզ համար վկայություն է, որ խաղաղություն չի կարող լինել և նրանք պատրաստ չեն վեճերի կարգավորման խաղաղ մեթոդներին՝անընդհատ փնտրելով վեճերի կարգավորման այլ՝անթուլատրելի մեթոդներ, այնպիսին՝ինչպիսին ռազմականն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե հրաժարվում ենք միջազգային հայցերից, ստացվում է, որ լեգիտիմացնում ենք ադրբեջանական ձեռքբերումները. Սիրանուշ Սահակյան