Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երեք ամսվա ընթացքում հարյուրավոր քաղաքացիների բանկային հաշիվներից գողություններ են կատարվել. ԿԲ նախագահն է հաստատում
«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դեպքերի ճնշող մեծամասնությունը կա՛մ դարձել են խաբեության զոհ, կա՛մ ինքնակամ տրամադրել են ՊԻՆ կոդերը ու գաղտնի կոդերը»,-հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա հայտնեց, որ նման երևույթներ ամենուր են, բոլոր երկրներում։
«Երբ դու անալոգային տնտեսությունից անցում ես կատարում թվային տնտեսության, բնականաբար երկաթե փականային տնտեսությունը դառնում է թվային»,-ասաց ԿԲ նախագահը և նշեց, որ մարդիկ ոչ միայն պետք է ուշադիր լինեն իրենց ֆիզիկական գույքի պահպանությանը, այլև վիրտուալ տիրույթում տված պաշտպանության միջոցներին։
Գալստյանը կոչ արեց որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալները։
ԿԲ նախագահը տեղեկացրեց, որ խաբեության նոր տեսակ կա, ըստ որի, զեղծարարները զանգահարում են՝ ասելով, թե բջջային օպերատորներից են զանգում, ցանկանում են իբր կարգավորել 5G ցանցը և հեռախոսին հաղորդագրություն կգա ու որպեսզի ավելի արագ ինտերնետ ունենան, քաղաքացիները պետք է սեղմեն այդ հղումի վրա և երբ սեղմում են, դրա միջոցով կոդ են վերցնում, դրա միջոցով մուտք են գործում բանկային ծառայությունների հավելվածներ և այդ դեպքում որևէ մեկը չի կարող կանխարգելել գումարի հափշտակությունը։
«Լավ նորությունն այն է, որ ծավալը գնալով նվազում է, մենք որոշակի աշխատանք ենք տարել բանկերի հետ, այսինքը՝ բանկերն են իրականացրել մեր օգնությամբ և հորդորով։ Տարվա առաջին եռամսյակում եղել են 408 դեպք»,- հայտնեց Գալստյանը, նշելով որ այդ թիվը կարող է ամբողջական չլինել, որովհետև բոլորը չեն փոխանցված իրավապահ մարմիններին։
Նա հայտնեց, որ ուսումնասիրել են բոլոր դեպքերը և եթե բանկի մեղավորությունն է եղել, այդ բոլոր դեպքերում բանկերը միանգամից վերադարձրել են քաղաքացուց գողացված գումարը։
«Այնտեղ մնում է երկու ուղղություն, երբ ֆիշինգի միջոցով վերցրել են մարդու տվյալները և վարկ են ձևակերպել կամ բանկային միջոցներն են յուրացրել։ Վարկերի հետ կապված բանկերը հայտարարել էին, որ 3-5 տարի մորատորում են հայտարարում, վարկային պատմության փչացում չի լինելու, տոկոսներ չեն կուտակվում, և քննարկումների արդյուքնում այդ 3-5 տարին կերկարաձգվի մինչև դեպքերի ամբողջական քննության ավարտը»,-հայտնեց Մարտին Գալստյանը՝ հստակեցնելով, որ ավարտը դատարանի որոշումն է, իսկ հաշվից դրամական գողությունների քննությունը բարդ է։
ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Էդգար Մելքոնյանը հայտնեց, որ երեք բանկ 230 հաճախորդի վարկային պարտավորությունները հետաձգվել են։