Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը հերքել է Իրանի շուրջ վերջին իրադարձությունների պատճառով աշխատանքների ենթադրյալ դադարեցման մասին տեղեկատվությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։
«Սա սուտ է», - ասել է գործակալության զրուցակիցը։
Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը գործում է սովորականի պես և կշարունակի կատարել իր գործառույթները հանգստյան օրերից հետո։
Ավելի վաղ Ռիա Նովոստին հաղորդել էր, որ Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը, իբր, հայտարարել է ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական առաքելությունների աշխատանքի դադարեցման մասին՝ իսրայելական բանակի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո։
Ռիա Նովոստիին Իսրայելի դիվանագիտական առաքելությունից հայտնել են, որ Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը գործում է սովորական ռեժիմով։
«Դեսպանատունը գործում է սովորական ռեժիմով», - ասել է գործակալության աղբյուրը։
Աղբյուրը նաև իրականությանը չհամապատասխանող է անվանել այն տեղեկությունները, որ դիվանագիտական առաքելությունը դադարեցրել է իր աշխատանքը Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների պատճառով։
Ավելի վաղ դեսպանատան կայքի անգլերեն տարբերակում հաղորդվել էր, որ «վերջին իրադարձությունների լույսի ներքո ամբողջ աշխարհում Իսրայելի առաքելությունները կփակվեն, և հյուպատոսական ծառայություններ չեն մատուցվի»։
Հիշեցնենք, որ Իսրայելը ժամը 03:00-ից մեկնարկած «Ժողովուրդն առյուծի պես» կոդային անվանմամբ գործողության ընթացքում մի շարք օդային և թիրախային հարվածներ է հասցրել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին։ Զոհվել են երկրի միջուկային ծրագրի հետ կապված բարձրաստիճան գիտնականներ, մի շարք բարձրաստիճան զինվորականներ։ Իրանն իր հերթին Իսրայելի ուղղությամբ պատասխան հարված է սկսել ԱԹՍ-ներով։