Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ անվտանգության այսօրվա ճարտարապետության մեջ Իրանն ունի շատ կարևոր բաղադրիչ. Արթուր Վանեցյան
«Իրականում շատ բարդ իրավիճակ է ստեղծվել մեր տարածաշրջանում և հատկապես Հայաստանի Հանրապետության համար»,-NEWS.AM-ին տված հարցազրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը նշեց, թե թույլ Իրանը Հայաստանի համար լրջագույն սպառնալիք է։
«Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետության մեջ Իրանն ունի շատ կարևոր բաղադրիչ։ Ուժեղ և կայուն Իրանը, միանշանակ այսօրվա ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը ագրեսիվ հայտարարություններով, ինչու չէ՝ նաև քայլերով փորձում են ՀՀ-ի տարածքները զավթել և փորձում են ուժային տարբերակով Հայաստանին պարտադրել տարբեր զիջումների գնալ, մեր համար կարևոր է»,-ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով, եթե պատերազմը երկար շարունակվի, ապա Ադրբեջանը և Թուրքիան կարող են այդ առիթից օգտվել։
Արթուր Վանեցյանը հիշեցրեց, որ Իրանի վրա Իսրայելի հարվածներից մեկ օր առաջ Նախիջևանում սկսվեց Թուրքիա-Ադրբեջան երկու զորավարժություններ՝ մեծ թվով զենք և կենդանի զինուժ է կուտակվել Նախիջևանում, ինչը հիշեցնում է 44-օրյա պատերազմի նախօրեի զորավարճությունները։
Նա նշեց, որ եթե հարված հասցվի Իրանի գազային համակարգին, ապա Հայաստանը գազ չի ստանա, իսկ եթե փակվի Մեղրիով ճանապարհը, ապա Հայաստանը լրջագույն լոգիստիկ խնդիրներ կունենա։
«Ամենավտանգավորն այն է, որ Թուրքիան չի հրաժարվել «Մեծ Թուրան» ծրագրից, որը ենթադրում է թուրքախոս ազգերի միավորում մեկ դրոշի տակ»,- ասաց Վանեցյանը։
Նա որպես Հայաստանի համար վտանգ նշեց նաև Իրանի մասնատումը։
«Մեր համար շատ կարևոր է, որ այդ պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, որովհետև երկարատև և լայնածավալ պատերազմը ուղիղ սպառնալիք է Հայաստանին։ Աստված չանի, եթե սկսվի նաև ցամաքային օպերացիա, բայց այդ սցենարը քիչ հավանական եմ համարում, ես հույս ունեմ, որ այս պատերազմն արագ կանգնելու է»-ասաց Արթուր Վանեցյանը։
Նա նկատեց, որ Իրանի և Իսրայելի պաշտոնյաներն արդեն խոսում են, թե պատրաստ են բանակցությունների։
«Հնդկաստանը ուղիղ չի միջամտում պատերազմին, այլ հայտարարություններով պաշտպանում է Իսրայելին, բայց մենք պետք է հաշվի նստենք մի իրողության հետ՝ այն երկրները, որոնց վրա ԱՄՆ-ն ազդեցություն ունի, միանշանակ պաշտպանելու են Իսրայելին։ Բայց կարևոր փաստ է, որ պատերզամն սկսելու օրվանից ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարում է, որ հնարավորություն կա բանակցելու և պատերազմը կանգնեցնելու։ Հույս ունենք, որ այդ բանակցությունների արդյունքում պատերազմը կկանգնի, բայց այն չի ավարտվի, այլ հետաձգվելու է»,-ասաց Արթուր Վանեցյանը և հավելեց, որ այդ դեպքում երկու երկրում էլ կհայտարարեն, թե իրենք են հաղթել։
Կարևորելով հարցը, թե այս օրերին ինչ է անում ՀՀ իշխանութունները՝ «Հայրենիք» կուսակցության նախագահն ասաց. «Նիկոլ Փաշինյանը, որպես մի պետության ղեկավար, որն Իրանի անմիջական հարևանն է, պարտավոր էր հենց առաջին օրը զանգահարեր Իրանի նախագահին և գոնե զորակցություն հայտներ։ Նաև պետք է հրավիրվեր Անվտանգության խորհրդի նիստ, հստակ որոշումներ կայացվեր, թե որ սցենարի դեպքում Հայաստանը ինչ պետք է անի, մեր զինված ուժերը պետք է բերեին բարձր պատրաստականության մակարդակի, անցնեին մարտական հերթապահության, որը, ցավոք սրտի չի արվել»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։