Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար. ՔԿ
Քաղաքական
15:17 18/06/2025
Հայաստան

Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար. ՔԿ

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ 

«ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչություն ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ այն կապակցությամբ, որ Ս.Կ.-ն զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն՝ ՀՀ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ:

2025 թվականի հունիսի 18-ին միջնորդություն է ներկայացվել քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որի կապակցությամբ վերջինիս կողմից նույն օրը որոշում է կայացվել Ս.Կ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

2025 թվականի հունիսի 18-ին Ս.Կ.-ն ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ»,- տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մաս

Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով․ 

պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք՝ news.am-ի հաղորդմամբ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ կառավարության լիազորություններին տիրանալnւն ուղղված հրապարակային կոչի համար. ՔԿ