Եկեղեցին տվյալ դեպքում ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է. Փաշինյան
Քաղաքական
12:15 18/06/2025
Հայաստան

Եկեղեցին տվյալ դեպքում ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է. Փաշինյան

«Սամվել Կարպետյանի հայտարարությունը եկեղեցու մասին չէր, Հայաստանի մասին էր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի երեկվա հայտարարությանն ու դրանից հետո նրա դեմ սկսված իրավական գործողություններին։

Նա նշեց, որ փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից, ինչպես իրենք են ասում՝ «իրենց ձևերով ինչ-որ բան անել»։

«Հայաստանն ունի արձագանքի լծակներ, և ես չեմ հանդուրժի, ընդհանրապես, որ որևէ մեկի լեզուն պտտվի, նման բան ասի։

Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի կարծքի արտահայտել, հավաքներ անցկացնել, քաղաքական հանրային կյանքին մասնակից լինել։ Բայց  որևէ մեկը չի կարող սպառնալ Հայաստանին, ամենակոշտ և ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասաց Փաշինյանը։  

Լրագրողի հարցին՝ Կարապետյանն ասել է կլինի  եկեղեցու կողքին, դուք դա համարո՞ւմ եք սպառնալիք, ով  նման բան ասի, պետք է կալանավորվի՞, Ն. Փաշինյանն ասաց. «Կարապետյանն ասաց՝ եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, մենք մեր ձևերով կմասնակցեք։ Դա արժանացել է և արժանանալու է  կոնկրետ համարժեք գնահատականի»։  

Նա կրկնեց, որ Սամվել Կարապետյանի հայտարարությունը կապ չունի ոչ եկեղեցու, ոչ եկեղեցու շահերի հետ։

«Մեկ ամիս առաջ մեկ ամիս ժամկետով կառավարության  վերաբերելի անդամների տվել էին հանձնարարարական, որ կամ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի...

Մարզային այցելությունների ընթացքում զարմանքով և զայրույթով արձանագրեցի, որ, ըստ էության, ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է  ստեղծել։ Հիմա վերլուծությունը հիմք է  տալիս մտածելու, առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամենն արվել ու արվում է  Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Հանձնարարական էի տվել՝  մեկ ամսում կամ պետք է հստակ ժողովրդին հասցված  վնասը վերականգնելու մեխանիզմենր դրվեն կամ ՀԷՑ-ն ազգայանացվի։ Իմ հանձրարարականի օրը լրանում է հունիսի 21-ին։ Այդ ակտիվացումն ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի հետ։ Կառավարության անդամները սկսել էին աշխտել, ՀԷՑ-ին հստակ ուղերձ էին տվել։

Եկեղեցին տվյալ դեպքում ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է»։

Հարցին՝ ինչպե՞ս են ազգայանացնելու  ՀԷՑ-ը, նա ասաց, որ ԱԺ-ում արդեն  օրենքի նախագիծ կա. «Ամեն ինչ տեղի կունենա օրենքով։ Քրեական վարույթները դրա հետ այս տրամաբանությամբ կապ չունեն, կապ կստեծվի, թե ոչ, այլ խնդիր է»։

Նա նաև նշեց. «Տարաշրջանում իրադրությունը շատ բարդ է։ Այդ իրադարաձությունների մեկնարկից ի վեր ներքաղաքական հարցերով առանձնապես չէի արտահայտում։ Դա  չի նշանակում, որ մյուսներն այդ պասիվությունը պետք է օգտագործեին լկտի հարձակումներ անելու համար։ Այդ լկտի հարձակումները համարժեք պատասխան կստանան։ Հույս ունեմ արդեն համոզվել եք»։ 

Հարցին՝ ընդդիմությունն իմպիչմենտի գործընթաց է նախաձեռնել՝ կհաջողվի՞, թե՞ ոչ, Փաշինյանն ասաց. «Իրենք թող մտածեն, կարծում եմ, չի հաջողվի»։ 

Ի դեպ, Փաշինյանը ԱԺ էր եկել  «Կանոնագիր հայոց», «Համաբարբառ կանոնագիրք Հայոց» գրքերով։ 

Հիշեցնենք՝ news.am-ի հաղորդմամբ, Տաշիր ընկերությունների խմբի նախագահ, անվանի բարերար Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին ասել է. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եկեղեցին տվյալ դեպքում ՀԷՑ-ի՝ շուտով նախկին սեփականատերերի համար ընդամենը ծխածածկույթ է. Փաշինյան