«Փաստ». Արդյո՞ք ՀԷՑ-ի ազգայնացումը փաստացի չի դառնալու գործարարից բիզնեսը խլելու գործընթաց
Օրվա մամուլ
09:02 19/06/2025
Հայաստան

«Փաստ». Արդյո՞ք ՀԷՑ-ի ազգայնացումը փաստացի չի դառնալու գործարարից բիզնեսը խլելու գործընթաց

«Փաստ» թերթը գրում է.

««Ազգային ժողովում արդեն կա «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ազգայնացնելու օրենքի նախագիծ»,- երեկ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց, թե Եկեղեցու և ժողովրդի կողքին է և հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու է իր ողջ ուժով։ Գործարարի այս հարցազրույցից ժամեր անց սկսվեց նրա տան խուզարկությունը, այնուհետև ձերբակալությունը, քրեական վարույթի նախաձեռնումը, գործընթացները դեռ շարունակվում են։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Ի հավելումն տեղի ունեցողի, առաջ բերվեց ՀԷՑ-ի ազգայնացման հարցը։

Ի՞նչ իրավական հիմքեր են դրվելու այս գործընթացի ներքո, արդյո՞ք սա փաստացի չի դառնալու գործարարից բիզնեսը խլելու գործընթաց:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ընդգծում է՝ ակնհայտ է, որ սա սեփականության իրավունքի նկատմամբ միջամտություն է, իսկ թե որքանով է այդ միջամտությունն իրավունքի խախտում, կախված է օրենքից։ «Եթե օրենքում այնպիսի մեծ փոխհատուցում նախատեսվի, որ իրականում արդարացի լինի, բնականաբար, դա խախտում չի լինի, բայց շատ կասկածում եմ, որովհետև գործ ունենք մարդկանց հետ, որոնք իրավական տրամաբանությունից հեռու են։ Այն երկրներում, որտեղ ազգայնացման գործիք է կիրառվում, որևէ բիզնես որևէ շահագրգռվածություն չի ունենա ներդրումներ անել։ Սա բիզնեսի ոսկե օրենք է։ Եթե պետությունը կարող է որևէ դեպքով իրեն թույլ տալ ազգայնացում, ուրեմն համարեք, որ միջազգային ներդրումներն ավարտվեցին։ Իհարկե, խոսքը չի վերաբերում թուրքական և ադրբեջանական կապիտալին, որը Նիկոլ Փաշինյանին պաշտպանում է։ Կարծում եմ՝ ազգայնացումից ինչ-որ ժամանակ հետո, եթե, իհարկե, նրան հաջողվի ամեն ինչ անել ու «մարսել», ՀԷՑ-ը հայտնվելու է թուրքական կամ ադրբեջանական կառավարման ներքո։ Դա ոչ թե չեմ բացառում, այլ հակառակն եմ բացառում։

Վստահ եմ՝ այդպես է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է փաստաբանը։ Իսկ ազգայնացման կամ պետականացման գործընթացի ներքո ի՞նչ օրենքներ կամ օրենսդրական կարգավորումներ կարող է դնել գործող իշխանությունը։ «Քաղաքացիական օրենսգիրքը դրա հնարավորությունը նախատեսում է, միջազգային պրակտիկայում նույնպես որոշակի դեպքերում պետությունները չեն կարող զրկված լինել դրանից։ Այդ գործիքից պետությունները զրկված լինել չեն կարող, բայց հատուցումը պետք է լինի համարժեք և նախնական։ Եվ իրավականը մի կողմ՝ տնտեսական առումով ազգայնացումները միշտ բերում են բիզնեսի ներդրումների հետ կապված մեծ խնդիրների։ Միջազգային այն կառույցների գնահատականները, որոնք ինդեքսավորում են տնտեսությունը, միայն այդ փաստով կտրուկ փոխվելու են՝ ի վնաս Հայաստանի։ Նիկոլ Փաշինյանին, իհարկե, դա չի հետաքրքրում։ Հայ առաքելական եկեղեցու հազարամյա կառույցի դեմ այսպիսի ոգով կռիվ տվող անձի համար մեր քննարկելիք հարցը, կարծում եմ, երրորդական նշանակություն ունի»,-եզրափակեց Մելիքյանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder