Նոր որակ ու նոր ասելիք հյուրանոցային-առողջարանային ոլորտում. «Դերժավա» հոլդինգի և «Ինտերկոնտինենտալ»-ի հերթական համագործակցությունը
Հասարակություն
18:22 19/06/2025
Հայաստան

Նոր որակ ու նոր ասելիք հյուրանոցային-առողջարանային ոլորտում. «Դերժավա» հոլդինգի և «Ինտերկոնտինենտալ»-ի հերթական համագործակցությունը

Նոր որակ ու նոր ասելիք Հայաստանի հյուրանոցային-առողջարանային ոլորտում։ Գեղատեսիլ բնությամբ հարուստ Դիլիջանը նաև հարստանալու է միջազգային հեղինակավոր բրենդի ներկայությամբ։ Նախաձեռնողները խոստանում են հայկական բնության ու միջազգային ստանդարտներով հանգստի յուրատեսակ ու անմոռանալի միքս՝ ամեն անգամ նույն վայրը վերադառնալու ցանկությամբ։

«Դերժավա» ընկերությունների խմբի և «Ինտերկոնտինենտալ»-ի հերթական համագործակցության շնորհիվ  միջազգային հեղինակավոր «Ինտերկոնտինենտալ» (InterContinental) հյուրանոցային ցանցի Holiday Inn-ի ֆրանշիզան 2027-ին ներկայացված կլինի նաև Դիլիջանում։

«Դերժավա» ընկերությունների խմբի տնօրեն Մարինե Հովակիմյանը հայտնեց, որ  այս նախագիծը կյանքի կոչելու համար «Դերժավա» ընկերությունների խումբը պատրաստվում է  կատարել շուրջ 7 միլիարդ դրամի ներդրում։

«Holiday Inn- Resort Dilijan հյուրանոց-առողջարանը, գործելով Դիլիջանի հիասքանչ բնության սրտում, հյուրերին, զբոսաշրջիկներին առաջարկելու է  հյուրանոցային բարձրակարգ ծառայությունների փաթեթ։

«Դիլիջան Ռեզորթ»-ի վերաբացումը, կարծում ենք, մեծ ներդրում կլինի մարզի աշխուժացման, համաչափ զարգացման համար»,- նշեց Մ. Հովակիմյանը։

«Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային ցանցի տարածաշրջանային զարգացման տնօրեն Ալեքսիս Ֆոյիալը ժամանել է Հայաստան՝ պայմանագրի վավերացման փուլն ավարտելու համար:   Հենց այսօր, լրագրողների ներկայությամբ,  «Դերժավա» ընկերությունների խմբի հիմնադիր Ստանիսլավ Համբարձումյանն ու Ալեքսիս Ֆոյիալը ստորագրեցին  պայմանագիր՝ Դիլիջանում Hotel Intercontinental Resort Dilijan հյուրանոցային համալիր գործարկելու մասին:

Ալեքսիս Ֆոյիալը նշեց, որ իրենք գնահատում են գործընկերությունը «Դերժավա» ընկերությունների խմբի հետ, նայում են դեպի ապագա՝ փոխադարձ վստահության շնորհիվ։ Իսկ ստորագրված պայմանագիրն էլ ավելի է ամրապնդում երկու ընկերությունների համագործակցությունը։

Դիլիջանում հյուրանոցային համալիրը տեղայնացնելու է «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային ցանցի տասնյակ տարիների լավագույն ավանդույթները, ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխանող պայմաններ. սպա, բացօթյա և փակ լողավազաններ, սրճարան, մանկական խաղահրապարակ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մուտք ու ելք։

«Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի տնօրեն Դիանա Միրզոյանի խոսքով,  2008 թվականից Հայաստանից, արտերկրից ժամանող հյուրերը քաջատեղյակ են «Դիլիջան Ռեզորթ» հրաշքի մասին. «Այժմ եկել է այն պահը, որ պետք է էլ ավելի կատարելագործվենք, նոր շունչ ու որակ հաղորդենք մեր ծառայություններին»։

Մինչև 2027 թվականը  «Դիլիջան Ռեզորթ» հյուրանոցա-ռեստորանային համալիրը շարունակելու է  իր գործունեությունը լիարժեք վերանորոգված քոթեջներով, ռեստորանային համալիրով։

Հյուրանոցի գործարկման աշխատանքները նախատեսված են ավարտել 2027-ին: Կարևորելով համայնքի զարգացումը՝ հյուրանոցային համալիրը կապահովի հարյուրից ավելի աշխատատեղ տեղի բնակչության համար։

Բրիտանական «Ինտերկոնտինենտալ»-ն աշխարհում կառուցել է երկու հարյուր քսանյոթ հյուրանոց, իսկ Հայաստանում Holiday INN-ը կլինի երրորդը, բայց առաջինը՝ առանձնանալով որպես առողջարան (resort)` իր ճարտարապետական և դիզայներական լուծումներով:

Իսկ հայկական «Դերժավա» ընկերությունը 30 տարի հավատարիմ է միայն բարձրորակ բրենդների ներմուծմանն ու Հայաստանում ներկայացմանը։



Մանրամասն՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նոր որակ ու նոր ասելիք հյուրանոցային-առողջարանային ոլորտում. «Դերժավա» հոլդինգի և «Ինտերկոնտինենտալ»-ի հերթական համագործակցությունը