Միջուկային օբյեկտներին հարվածները ծանր հետևանքներ են ունենալու Իրանի և հարևան երկրների համար. Տիգրան Աբրահամյան
Քաղաքական
14:06 20/06/2025
Հայաստան

Միջուկային օբյեկտներին հարվածները ծանր հետևանքներ են ունենալու Իրանի և հարևան երկրների համար. Տիգրան Աբրահամյան

«Մտահոգիչ է ոչ միայն բուն կոնֆլիկտը և այն բազմաշերտ հարվածները, որ հիմա տեղում են Իրան-Իսրայել այս հակամարտության պարագայում, այլև այն հայտարարությունները, որոնք վերջին օրերին հնչում են Իրանի հոգևոր առաջնորդին թիրախավորելու տեսանկյունից»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, նման քայլը անվերահսկելի իրադարձությունների կբերի և միանշանակորեն կընդլայնի հակամարտության սահմանները։

 Աբրահամյանը Հայաստանի վրա ուղղակի և անուղղակի ազդեցություն համարեց Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածները, որովհետև նրա ծանր հետևանքներն արտահայտվելու են ոչ միայն իրանում, այլև նրա հարևան երկրներում, ինչը Հայաստանի համար իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է դարձնում։

«Առկա հարցերը չունեն պատերազմական լուծում, եղած խնդիրենրը, որքա էլ ծանր լինեն, պետք է լուծվեն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով, որն այլընտրանք չունի»,-ասաց Աբրահամյանը։

 Անդրադառնալով վերջին օրերին Բաղրամյան պողոտայում անհետ կորած զինծառայողների կազմակերպած բողոքի ակցիային՝ Աբրահամյանն ասաց, որ մինչև Արմեն Աբազյանի պաշտոնից ազատվելը, այդ զինծառայողների բոլոր հարցերը նրա կողմից էր կարգավորվել, որոշ հարցեր՝ նույնիսկ Աբազյանի երաշխավորմամբ։

 «Այս մարդիկ ունեն ընդամենը մեկ հարց, ով է ստանձնելու այդ պրոցեսի շարունակականությունը և թե ով է պատրաստ իրենց հարցերին պատասխանել»,-ասաց Աբրահամյանը և հավելեց, որ ԱԱԾ նոր տնօրենի՝ ծնողների հետ չհանդիպելն ավելի է սրել իրավիճակը։

Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաև Հայ Առաքելական եկեղեցու և  Սամվել Կարապետյանի դեմ իշխանությունների գործողություններին։

 «Իշխանությունները եկեղեցու նկատմամբ իր թշնամանքը արտահայտում է նաև բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր փորձում են սատար կանգնել Մայր Աթոռին, հոգևորականներին և առհասարակ պատմության բոլոր այն դրվագներին, որոնք մի քանի հազարամյակ ուղեկցել են մեզ, իրենց մեջ կրում են հայի ինքնությունը, նաև ինստիտուցիոնալ հիշողությունը և այն բոլոր պրոցեսները, որոնք պետականության բացակայության ժամանակահատվածում պահպանել է Հայոց եկեղեցին»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և դատապարտելով երևույթը, նշեց, որ դրանք իրենց ազդեցությունն են ունենալու հասարակության վրա։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նաև  կոչ արեց ջերմորեն ընդունել Իրանը ստիպված լքած քաղաքացիներին, քանի որ Իրանը մշտապես բարձ է պահել իրանահայության իրավունքները։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նշեց, որ առանց հանդիպման օրակարգի հրապարակման՝ հնարավոր չէ գնահատել Թուրքիա Փաշինյանի այցը։

«Բայց այն, որ տրամաբանական և պրոցեսների հաջորդականության առումով Հայաստանը ևս իր մեծ ներդրումն է ուննում Թուրքիայի՝ այս ռեգիոնում «նայող» դարձնելու տեսնանկյունից, ակնհայտ է»,-ասաց Աբրահամյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder