Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն. Սուրենյանց
Քաղաքական
08:44 21/06/2025
Հայաստան

Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն. Սուրենյանց

«Ստամբուլում տեղի ունեցած Էրդողան- Փաշինյան հանդիպումն, անշուշտ, պատմականություն ունի:  Սակայն ես չէի շտապի այդ պատմականությունն անպայման դրական գնահատել, մանավանդ, որ Փաշինյանի ակնկալիքներն, դատելով թուրքական մամուլի արձագանքներից, չեն արդարացնել»,-գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա գնահատմամբ, Իրանի վրա Իսրայելի հարձակումը որոշակի սառնություն կարող էր առաջացնել Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում. այս երկու երկրներն, այնուամենայնիվ, տարբերվող վերաբերմունք ունեն Իսրայելի և Իրանի հանդեպ: 

«Եվ ուրեմն, Փաշինյանին կարող էր թվալ, թե կարող է խաղալ այս հակասությունների վրա՝ որոշակի առաջընթաց արձանագրելով հայ- թուրքական հարաբերություններում կամ առնվազն՝ դրանք ազատել հայ- ադրբեջանական հարաբերությունների կապանքներից: 

Ըստ ամենայնի, Փաշինյանի այս ակնկալիքը չի արդարացել: 

Daily Sabah-ը և Anadolu-ն, օրինակ, նշում են, որ Թուրքիան շարունակում է կապել Հայաստանի հետ կարգավորումը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի առաջընթացի հետ: 

Ըստ Ekonomim պարբերականի՝ Թուրքիան փորձում է պահպանել հավասարակշռություն՝ միաժամանակ աջակցելով Ադրբեջանի շահերին և նպաստելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատմանը։ 

Մի խոսքով, Իսրայելի հանդեպ տարբերվող դիրքորոշումը չունի տարանջատող այն մասշտաբը, որ Անկարային ստիպի Հայաստանի նկատմամբ գնալ այնպիսի քայլերի, որոնք ճգնաժամ կարող են հարուցել Ադրբեջանի հետ հարաբերություններում: 

Սակայն այնպես չէ, որ միայն Բաքվի գործոնն է ազդում Անկարայի դիրքորոշման վրա: 

Հայ- թուրքական և հայ- ադրբեջանական հարաբերությունների փոխկապակցվածությունը Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունն է արդեն 30 տարի, ու Անկարան, առանց հիմնավոր պատճառների, չի գնա իր քաղաքականության վերանայմանը: 

Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն»,-գրում է քաղաքագետը։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանի ցանկություններն Անկարայի համար հիմնավոր պատճառ չեն. Սուրենյանց