Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոբելյանական համերգ՝ նվիրված Հայաստանի պետական կամերային երգչախմբի 25-ամյակին
Հայաստանի պետական կամերային երգչախմբի հիմնադրման 25-ամյակի առթիվ հունիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հոբելյանական համերգ, որի ընթացքում կհնչեն սիրված երգեր Ռոբերտ Մլքեյանի մշակմամբ։
Մենակատարներ՝ Մավր Մկրտչյան (բարիտոն), Վարդան Բադալյան (տենոր), Աբել Աբելյան (բարիտոն), Վրեժ Ղարիբյան (տենոր), Արամ Ավետիսյան (բարիտոն)։
«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ծրագրում ընդգրկված են ֆոլկ և սիրված երգեր՝ «Գորանի», «Սանդի երգ», «Գուլո», «Մարտիկի երգը», «Նինո», «Մայրամ», «Աշխարհումս ախ չիմ քաշի», «Բինգյոլ», «Սուլիկո» և այլն։
ՀՊԿԵ-ն հիմնադրվել է 2000 թվականին «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ, որպես Հայաստանի պետական կամերային նվագախմբի կազմում գործող երգչախումբ և անվանվել Հայաստանի պետական կամերային նվագախմբի կամերային երգչախումբ։ 2008 թվականին երգչախումբը ստացել է պետական կարգավիճակ և վերանվանվել Հայաստանի պետական կամերային երգչախումբ:
Երգչախմբի հիմնադրման օրվանից գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյանը։
ՀՊԿԵ-ի կարևորագույն առաքելություններից է հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների հանրահռչակումը և քարոզչությունը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Երգչախմբի բազմաժանր երգացանկում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորների խմբերգային և վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ՝ սկսած վաղ միջնադարից մինչև ժամանակակից շրջանի հեղինակներ։ Երգչախմբի կատարմամբ հնչել են նաև բազմաթիվ ստեղծագործություններ՝ որպես Հայաստանյան պրեմիերաներ։
ՀՊԿԵ-ն հանդես է եկել հյուրախաղերով աշխարհի մի շարք երկրներում՝ Անգլիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Ռուսասատան, Կանադա, ԱՄՆ, Իտալիա, Լիբանանը, Արգենտինա և Հունաստան։