Միքայել սրբազանի ձերբակալումը խոչընդոտվել է. ՔԿ-ն նոր քրեական վարույթ է հարուցել
Իրավունք
14:58 27/06/2025
Հայաստան

Միքայել սրբազանի ձերբակալումը խոչընդոտվել է. ՔԿ-ն նոր քրեական վարույթ է հարուցել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է կատարել: Քննչական կոմիտեից հայտնում են, որ այդ կապակցությամբ 2025 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Միքայել Աջապահյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին:

«Հիշյալ ձերբակալման որոշման կատարումը օրենքով սահմանված կարգով հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցներին: Նկատի ունենալով, որ վարույթի ընթացքում մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է իրավապահ մարմինների օրինական գործունեությունը, ուստի այդ փաստով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ տարբեր անձանց կողմից իրավապահ մարմինների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և միջամտելը ՀՀ օրենսդրության համաձայն կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, որպիսի պայմաններում հորդորում ենք ձեռնպահ մնալ հակաիրավական վարքագծի ցանկացած դրսևորումներից»,- նշում են ՔԿ-ից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder