Հեռո՛ւ գնացեք, հեռո՛ւ «խաղացեք» ձեր «ֆուտբոլները», հոգևորականներս ձեզ համար խամաճիկներ չենք. Հայր Ասողիկի պատասխանը՝ Մարուքյանին
Հասարակություն
10:30 28/06/2025
Հայաստան

Հեռո՛ւ գնացեք, հեռո՛ւ «խաղացեք» ձեր «ֆուտբոլները», հոգևորականներս ձեզ համար խամաճիկներ չենք. Հայր Ասողիկի պատասխանը՝ Մարուքյանին

«Եվ այսքանից հետո, այս համազգային պղծագործությունից ու միջազգային նշանակության այլանդակությունից հետո, որ օրվա անօրեն իշխանությունը, իր անդեմ ու աննկարագիր կամակատարների միջոցով, գործեց Հայոց Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ողջ հոգևոր դասի հանդեպ, այս ողբալի իրավիճակում հայտնվում է մի Էդմոն Մարուքյան, հայտնվում են քաղաքական ուժեր, որոնք «գնդակ» են խաղո՞ւմ...»,- գրել է Հայր Ասողիկ Կարապետյանը։

Հայր Սուրբը շարունակել է. «Դուք այս ի՞նչ անկյալ հոգիներ եք, դուք այս ի՞նչ վաճառականներ եք, այս ի՞նչ զզվելի առևտուր եք անում և այս ամենի մեջ ներքաշում հոգևորականությանը:

Լսեք, ապաշնորհներ, բավական է ձեզ, բավական է հոլովեք Հայոց Հայրապետի անունը և ստեղծեք այն պատրանքը, որ իբր Սբ Եկեղեցին է պատճառը, որ ունենք այսօրվա այս խարանը:

Արիություն ունեցեք և արժանապատվություն՝ խոստովանելու ձեր անկարողությունը և հրավիրելու այլ շնորհընկալ գործիչների, որոնք պատվով կստանձնեն և կիրագործեն այդ գործը:

Հեռո՛ւ գնացեք, հեռո՛ւ «խաղացեք» ձեր «ֆուտբոլները». հոգևորականներս ձեզ համար խամաճիկներ չենք, և թույլ չենք տա ստվերել Հայոց Հայրապետի անունը, վաստակն ու հեղինակությունը:

Թող Ազգը ճանաչի, իրապես ճանաչի, թե ովքեր եք դուք և իր անեղծ զավակատնից լույս աշխարհ բերի ազգասեր ու հայրենասեր և աստվածասեր անձերի, ովքեր իրենց ուսերին կառնեն Հայոց պետության բեռը»։ 

Նշենք, որ ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը գրել էր.

«Այն մասին, թե ինչի ականատեսը դարձանք այսօր, և ինչը, ցավոք, չտեսանք, բայց դեռ ուշ չէ…

Առավոտյան ԱԱԾ-ի և ոստիկանության հատուկ նշանակության խմբերը գնացել էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Միքայել Սրբազանին բերման ենթարկելու նպատակով։

Ժողովուրդը դա թույլ չտվեց և որոշեց, որ Միքայել Սրբազանը կարող է լինել ազգային համերաշխության թեկնածու՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում։

Ես հայտարարեցի, որ պատրաստ եմ հրաժարվել իմ թեկնածությունը առաջադրելուց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում, իսկ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը՝ նրա համաձայնության դեպքում։

Տեղի ունեցավ աննախադեպ կոնսոլիդացիա․ այն, ինչ որոշվել էր փողոցում, մենք քաղաքական դաշտում վերածեցինք իրականության։

Խորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերը համաձայնեցին, որ Միքայել Սրբազանը կարող է լինել վարչապետի թեկնածու իմպիչմենտի գործընթացում։

Բայց կար մի «բայց»։

Այդ գործընթացի մեկնարկի համար Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն պետք է իր համաձայնությունը տար։ Եվ քանի որ դա տեղի չունեցավ, իսկ ամենայն հավանականությամբ եղավ հակառակը՝ գործընթացը առկախվեց։

Հիմա կամ Կաթողիկոսը տալիս է իր համաձայնությունը և չի խոչընդոտում ազգային համերաշխության իմպիչմենտի գործընթացին, կամ չի տալիս՝ փակելով ազգային համերաշխության ու քաղաքական կոնսոլիդացիայի դուռը, ու շարունակվում է այս գահավիժումը։

Փողոցը իր թեկնածուին արդեն ընտրել է։ Քաղաքական կոնսոլիդացիան կայացել է։

Գնդակը Կաթողիկոսի դաշտում է…»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder