Կոռուպցիոն ամենամեծ ռիսկի՝ շինթույլտվությունների հանրային վերահսկողության գործիքակազմն է քաղաքապետարանը ոչնչացնում. Չախոյան
Հասարակություն
17:25 30/06/2025
Հայաստան

Կոռուպցիոն ամենամեծ ռիսկի՝ շինթույլտվությունների հանրային վերահսկողության գործիքակազմն է քաղաքապետարանը ոչնչացնում. Չախոյան

«Կառուցապատման, քաղաքաշինության ոլորտի թվային ծառայությունների  urban.e-gov.am հարթակը 2025 թվականի հունվարի 1-ից դարձել է պարտադիր և միակը կառուցապատման թույլտվությունների վարչարարության իրականացման համար, սակայն նախապես Երևանում չի գործարկվել և վարչարարություն իրականացնելիս  խնդիրներ են առաջանում»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանը։

Նրա խոսքով էլեկտրոնային հարթակը խիստ անհարմարություններ է առաջացնում կառուցապատողների, նախագծողների և պետական մարմինների համար, հարթակում առկաեն էական անկատարություններ։

Նա տեղեկացրեց, որ 6 ամսվա ընթացքում քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային հսկողության տեսչական մարմինը, որպես նախագծերի համաձայնացնող միջանկյալ գերատեսչություն հարթակին հասանելիություն չունի։

«Հարթակի տեխնիկական և կառուցվածքային խնդիրները էականորեն ազդում են վարչարարության պատշաճ որակի և ժամանակին իրականացման վրա, ինչն առաջացնում է խոչընդոտներ և անհարմարություններ կառուցապատման ոլորտի գրեթե բոլոր սուբյեկտների մոտ, ուստի վեր հանված հարցերին սեղմ ժամկետում լուծումներ չգտնելու դեպքում առաջարկում ենք ձեր հանձանարարականը Քաղաքաշինության կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների հետ քննարկել հարթակի թեկուզ ժամանակավոր կասեցման հնարավորությունը»,-քաղաքապետ Տիգրան Ավինյանին դիմեց Ալիկ Վարդազարյանը։

Տիգրան Ավինյանն էլ պարզաբանեց, որ Քաղաքապետարանի գործընկեր կառույցներն են օրենսդրական փոփոխություն արել, որ այդ տեսակ ծառայությունները պետք է իրականացվեն էլեկտրոնային հարթակի միջոցով։

 «Մենք օրենքով պարտադրված ենք այս հարթակով աշխատենք, բայց մինչ այս պահը բազմաթիվ խնդիրներ ունենք»,- ասաց Ավինյանը՝ պնդելով, թե հազարավոր քաղաքացիներ դժգոհ են այդ պրոցեսից, բայց քաղաքապետարանն այդ օրենքը չի փոխել,այդ պրոցեսը չի կազմակերպել ու անցել է 6 ամիս, բայց չի աշխատում։

 «Եթե շարունակի համակարգն այս ձևով աշխատել, դրա աշխատելու անհնարինության բերումով մենք ստիպված ենք լինելու հրաժարվել համակարգից։ Սա հայտնում եմ ի լուր աշխարհի, ցավով, որովհետև համակարգը շատ դրական կողմեր ունի»,-հայտարարեց Ավինյանը։

Panorama.am-ի դիտարկմամբ, կոռուպցիոն ամենամեծ ռիսկեր պարունակող այս ոլորտի թափանցիկությունն ապահովող հարթակի դեմ Երևանի քաղաքապետի գլխավորությամբ մեկնարկող արշավը պատահական չէ, քանի որ քաղաքապետարանն ամեն կերպ խոչընդոտում է քաղաքաշինական գործընթացների հանրային վերահսկմանը։ Միտման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց հանրային գործիչ Արթուր Չախոյանը։

«Երևանի քաղաքապետարանն այնպիսի միջավայր է ստեղծում, որը նպատակահարմար լինի կոռուպցիայի համար, մասնավորապես՝ որպեսզի շինթույլտվությունները լինեն անվերահսկելի։ Երևանի քաղաքապետարանի կայքում կա Շինարարական թույլտվությունների բաժին, որի մասին Տիգրան Ավինյանն ասել էր, որ եթե այդ բաժնում շինթույլտվությունները տեղադրած չեն, ուրեմը կատարվող շինարարություններն ապօրինի են։ Այդ համակարգը բավականին պատշաճ աշխատում էր, բայց տեսնում ենք, որ այն իրենց դուրս չի գալիս, քանի որ հանրային վերահսկողություն էր հնարավոր դրանով անել։ Ես ինքս բազմիցս անդրադարձել եմ այդ հարթակի շինթույլտվություններին։

Տեսնելով, որ հանրային վերահսկողությունը բարձր մակարդակի է, այդ շինթույլտվությունների բաժինն անջատեցին, հիմա գրված է, որ այդ էջը վերակառուցման փուլում է և urban.e-gov.am հարթկ է ստեղծված, որը երկարատև ժամանակ է չի աշխատում։

Պարզ տրամաբանական հարց, եթե 6 ամսվա ընթացքում այդ համակարգը չի աշխատում, այսինքը՝ առաջին ամիսը չէ, որ իրենք հասկացելեն, որ այն չի աշխատում, ինչո՞ւ հինը չեն վերականգնում։ Հինը չեն գործարկում, նորն էլ չի աշխատում, բա էդ հանրային վերահսկողությունը ինչպես անել կոռուպցիան ինչպես կանխել։

Նույն «Ռենկո» ընկերության կողմից շեք էին կառուցում, առանց շինթույլտվության։ Երբ ես հրապարակեցի, որ այդ ընկերությունն առանց շինթույլտվության շենք է կառուցում, շինթույլտվությունը չկա քաղաքապետարանի կայքի համապատասխան բաժնում, հենց հաջորդ օրը քաղաքապետարանի կայքի շինթույլտվությունների բաժինն անջատեցին և արդեն մի ամիս է գրված է էջը վերակառուցման փուլում է։

 Եթե urban.e-gov.am հարթակը չի աշխատում Երևանի քաղաքապետարանը ինչու չի բացում իր կայքի շինթույլտվությունների բաժինը։ Բոլորս էլ հասկանում ենք , որ ամենամեծ կոռուպցիան շինթույլտվությունների, ապօրինի, ինքնակամ շինարարությունների մեջ է  թաքնված։ Հանրային վերահսկողության գործիքակազմն իրենք ոչնչացնում են»,-ասաց Արթուր Չախոյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder