Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է. Աննա Գրիգորյան
Քաղաքական
11:38 01/07/2025
Հայաստան

Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է. Աննա Գրիգորյան

«Ռազմավարական նշանակության հարց է բերվել օրակարգ, առաջարկում եք 24- ժամյա ռեժիմով այն քննարկել։ ՀԷՑ-ի խլման գործընթացն իրականում շատ մեծ բացասական առումով ազդեցություն է  ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին։

Նա զեկուցեց արտահերթի օրակարգում ընդգրկված  «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

Աննա Գրիգորյանը նշեց, որ հիմա առաջարկում են այս նախագիծը քննարկել հրատապ. «Ինչո՞ւ հրատապ։ Իմ պատասխանն, օրինակ, այն է, որ եղել է  Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունը եկեղեցու պաշտպանության մասով և դա հրատապության է առաջացրել կառավարությունում։ Եթե այս մոտեցման հետ համաձայն չեք, հետևաբար, հիմնավորեք, թե ո՞րն է  պատճառը, որ մենք այս նախագիծը պետք է հրատապ կերպով քննարկենք»։

Ա. Սիմոնյանն արձագանքեց. «Ձեր  կողմից բարձրաձայնված հարցի վերաբերյալ նշեմ, որ այն արտահայտությունը, որը դուք թույլ տվեցիք՝  ՀԵՑ և խլել, նախագծին ծանոթացել եմ, երկու բառն էլ անծանոթ են, նախագծում առկա չեն։ Դա վերաբերում է, ընդհանուր առմամբ, էներգետիկ ոլորտի՝ որպես  ռազմավարական նշանանություն ունեցող ոլորտի բարեփոխումների շարունակականությանը։

Վստահ եմ, որ բոլորդ տեղյակ եք, մենք այս ոլորտում ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ թվում կապված էլեկտրաէներգիայի մատակարարման  հետ կապված։

Սա է հիմնականը։ Ռազմավարական  ոլորտը հաշվի առնելով՝ կարծում ենք, նման հարցերին պետք է հրատապ  լուծումներ տրվեն։ Դրա համար էլ այս նախաձեռնությունն այսօր ներկայացվում է և առաջարկվում է  քննարկման»։

Աննա Գրիգորյանն ասաց. «Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներ փորձեք փաթեթավորել։

Օրենքի նախագծի էությանը և բովանդակությանը քննարկմանը կանդրադառնանք, ձեզնից պահանջվում էր ասել՝ ո՞րն է հրատապությունը։ Եթե հրատապության ձեր հիմնավորումն այն է, որ տեսնում եք խնդիրներ ՀԷՑ-ում, երեկ, այսօր դա տեսա՞ք։ Մեկ ամիս, մեկ տարի առաջ չէի՞ք տեսնում, հենց այսօր որոշեցիք հրատապ կերպով ներկայացնե՞լ»։

Սիմոնյանն ասաց, որ խնդիրները  վաղուց կան, բայց մի օր և, կարծում է,  սա այդ օրերից մեկն է, այն խնդիրներին պետք է արագ լուծում տալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թռնեք օդ, իջնեք ներքև, սա ՀԷՑ-ը խլելու մասին նախագիծ է. Աննա Գրիգորյան