Դավիթ Հարությունյանի գույքի բռնագանձման գործով ՕՄՀ չի իրականացվել, հայցը հիմնավոր չի կարող լինել. Արամ Օրբելյան
Իրավունք
18:00 01/07/2025
Հայաստան

Դավիթ Հարությունյանի գույքի բռնագանձման գործով ՕՄՀ չի իրականացվել, հայցը հիմնավոր չի կարող լինել. Արամ Օրբելյան

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով անցնող  արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի  ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը միջնորդեց արագացված դատաքննություն կիրառել։ Փաստաբանը պնդեց՝ հայցն անհիմն է, քանի որ օպերատիվ հետախուզական միջոցառում չի իրականցվել։

«Եթե չի եղել օպերատիվ-հետախուզական միջոցառում, չի կարող հայցը բավարարվել։ Ես պնդում եմ, որ չի եղել, դրա մասին չկա գեթ մեկ ապացույց»,-դատական նիստում հայտարարեց Արամ Օրբելյանը։

Նա նշեց, որ ԱԱԾ-ից ստացած փաստաթուղթն ընդամենը տեղեկանք է. «Գոնե մի տեղ պետք է պնդում լինի, որ ՕՀՄ տեղի է ունեցել։  Ես չեմ քննարկում՝ լավն է ՕՀՄ-ն, վատն է։ Ոչ հայցադիմումում, ոչ ԱԱԾ-ից ստացված փաստաթղթի մեջ, որը հիմք է հանդիսացել հայցադիմումի, ՕՀՄ մասին տեղեկատվություն չկա։

Որպեսզի վստահենք, պետք է լիներ ընդամենը մեկ բացառակապցություն՝ ՕՀՄ-ի արդյունքում ստացվել է, ոչ թե ստուգման։ Այսքանը հաշվի առնելով, հիմք ունեմ ենթադրելու, որ ԱԱԾ ստացել է  հանձնարարություն՝ ստուգել Դավիթ Հարությունյանի գույքերը։ Ստուգել է, գրություն է ուղարկել դատախազություն»։ 

Դ.Հարությունյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ ԱԱԾ տեղեկանքում Դավիթ Հարությունյանին պատկանող և պետական մարմիններում գրանցված գույքերի ցանկ է ու մեկ նախադասություն՝ «ամենայն հավանականությամբ կարող է ապօրինի լինի». «Ոչ մի այլ ինֆորմացիա մեջը չկա, թե այդ ամենայն հավականությունն ինչից է բխում։ Միայն այն, որ որոշակի գույքեր պաշտոնը զբաղեցնելու ժամանակ են գնել, բավարար չէ, որպեսզի սկսեն գույքի ուսումնասիրություն։ Սրա համար ենք ասում, որ դատախազությունը շահագրգիռ չէ։ Դատախազությունը շահագրգիռ չէ պաշտոնատար անձանց կամ նախկին պաշտոնատար անձանց պաշտոնավարման ժամանակ գույքի ուսումնասիրություն իրականացնել, այլ միայն այն գույքի ուսումնասիրությունն են իրականացնում, որի մասին կա oպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում հավաքված տեղեկատվություն, որ ձեռք բերված գույքն ապօրինի է»։

Արամ Օրբելյանը խնդրեց դատարանին՝ երեք հիմքով՝ հայցն ակնհայտ ապօրինի է, ակնհայտ ոչ հիմնավոր է ու շահագրգռված չէ, արագացված դատաքննություն կիրառել ու հայցը մերժել։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանն էլ նշեց, որ ԱԱԾ-ն ստացել է օպերատիվ տվյալներ ԱՆ նախկին նախարար Դավիթ Հարությունյանի հնարավոր ապօրինի գույքի ձեռքբերման վերաբերյալ, դրանք ենթակա են ստուգման, այդ ուղղությամբ սկսել է համապատասխան ուսումնասիրություն։

Արամ Օրբելյանը հակադարձեց՝ այս գործում միակ տվյալը հայցվորի ներկայացրածն է, որի նկատմամբ ինքն էլ վերահսկողություն չի իրականացրել, ուսումնասիրություն էլ իրականացված չէ։

«Ասում եմ՝ ապացույց կներկայացնե՞ք, պատասխանում է՝ չեմ կարող ներկայացնել։ Դատարանում մենք ո՞նց ենք որոշելու՝ ՕՀՄ եղե՞լ է, թե՞ չէ։ Հարգելի դատավոր, նորից եմ ուզում ֆիքսել, եթե կարևոր չլիներ ՕՀՄ-ն,  դատախազը ցանկացած պաշտոնատար անձի վերաբերյալ կարող է հայց ներկայացնել»,-ասաց Օրբելյանը։

Դատավորը որոշեց՝ նշված հայցադիմումը  չի կարող գնահատվել ակնհայտ անհիմն , արագացված կարգով անցկացնելու ներկայացաված միջորդությունը հիմնավոր չէ և ենթակա  է մերժման։

Հիշեցնենք, որ դատախազությունն անցած տարվա հոկտեմբերի 8-ին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

 Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել 12 անշարժ գույք, 3 շարժական գույք, 723 միլիոն դրամ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Հարությունյանի գույքի բռնագանձման գործով ՕՄՀ չի իրականացվել, հայցը հիմնավոր չի կարող լինել. Արամ Օրբելյան