Կանխատեսելի էր, որ ՀԷՑ-ի ռեկետը զուգակցվելու էր նաև փողերի լվացման դրվագի իմիտացիայով. Գոհար Մելոյան
Իրավունք
18:04 02/07/2025
Հայաստան

Կանխատեսելի էր, որ ՀԷՑ-ի ռեկետը զուգակցվելու էր նաև փողերի լվացման դրվագի իմիտացիայով. Գոհար Մելոյան

«Ամեն ինչ կանխատեսելի էր»,- ասաց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացված  անհետաձգելի քննչական գործողություններին։

Նա նշեց, որ իշխանությունների սիրած հոդվածներից է փողերի լվացումը։

«Բոլորի նկատմամբ, ովքեր քաղաքական հայացքներ են դրսևորում, նախկինում խուլիգանության հոդվածն էին կիրառում, հիմա դարձավ՝ իշխանության զավթման կոչ ու սահմանադրական կարգի տապալում, մյուս հոդվածն էլ, որ զուգահեռ մշտապես կիրառվել է ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ, փողերի լվացումն է։ Ու շատ կանխատեսելի էր, որ ՀԷՑ-ի ռեկետը, որն իրենք ազգայնացում են կոչում, զուգակցվելու էր նաև փողերի լվացման դրվագի իմիտացիայով»,- ասաց Մելոյանը՝ նշելով, որ ՀԷՑ-ից թևակոխեցին «Տաշիր գրուպ»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որով սպառնաց ՀԷՑ-ի աշխատակիցներին աշխատանքից ազատմամբ,  նա ասաց. «Կրկին մարդկանց մեծանաքանակությունից տագնապած՝ սպառնաց ՀԷՑ-ի աշխատակիներին երկու նպատակով՝ նախ իմիտացիա անել, որ մարդկանց ստիպողաբար են բերում, երկրորդ՝ եթե աջակցեն Կարապետյանին, մասնակցեն ցույցերին, ինչը սահմանադրորեն երաշխավորված մարդու քաղաքական իրավունք է, ասաց՝ աշխատանքից ազատվելու եք, նաև սպառնաց՝ երևի երբևէ էլ աշխատանք չեք կարող գտնել»։

Գոհար Մելոյանը վստահ է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցողն անմիջապես հարված է ՀՀ ներդրումային ու արտաքին իմիջին։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կանխատեսելի էր, որ ՀԷՑ-ի ռեկետը զուգակցվելու էր նաև փողերի լվացման դրվագի իմիտացիայով. Գոհար Մելոյան